18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

18 դեկ 2018 20:20

ՀՀ ՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների մասին

Պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել վերջին օրերին զինծառայողների վիրավորվելու դեպքերի առթիվ։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ եւ քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, եւս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։ Նշված ժամանակահատվածում Երեւան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին եւ 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել եւս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։
Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանության նախարարությունը շարունակաբար եւ հետեւողական կերպով ջանքեր է գործադրում զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մեծածավալ մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերի ամենօրյա բնականոն կենսագործունեության ընթացքում, ցավոք սրտի, բացառված չեն իրադրությունները, որոնց հետեւանքով զինծառայողները կարող են տարբեր աստիճանի վիրավորումներ եւ վնասվածքներ ստանալ։ Պաշտպանության նախարարությունը անում է հնարավորը՝ այդպիսի պատահարների հետեւանքով տուժած զինծառայողների համար բարձրակարգ բուժսպասարկում ապահովելու նպատակով։ Որոշ դեպքերում այն կազմակերպվում է կայազորային հոսպիտալներում կամ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կամ քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում:
Տարբեր ԶԼՄ-ներում մատնանշվող վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր հանգամանքներում։ Ըստ այդմ, փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջեւ եւ ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետեւանք, սխալ է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր