Սպանված ոստիկանի հոր ասածներն իրականությանը չեն համապատասխանում.Իր ասած 30 փաստերից ընդամենը մեկը թող ներկայացնի
Չեմ կարող մեկնաբանել, դա իր երևակայության արդյունքն է, այն չի համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարություններին, թե իր որդուն ոստիկաններն են սպանել:
Օսիպյանի խոսքերով, եթե վերջինս փաստեր ունենար, հրապարակած կլիներ դրանք. «Իր ասած 30 փաստերից ընդամենը մեկը թող ներկայացնի»:
Ավելի վաղ Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հայտարարել էր, որ իր որդուն սպանել են ոստիկանները, քանի որ նա խնդիրներ է ունեցել իր հրամանատարներից մեկի հետ: Այնինչ Տեփանոսյանի կինը վստահ է, որ իր ամուսնուն սպանել են հենց Սասնա ծռերի անդամները:
Ոստիկանապետը խոսեց նաև հանրապետության տարածքում վթարների աճի մասին՝ հայտարարելով, որ պետք է հաշվի առնել մեքենաների թվաքանակի աճը, ինչպես նաև եղանակային պայմանները: Նա նշեց, որ հունվարին այդ մասով ամփոփում տեղի կունենա, լրագրողները կկարողանան ունենալ համապատասխան վիճակագրական թվերը: