Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 դեկ 2018 18:50

Ինչու է «Նռան հատիկ» սերիալի «դերասան Ռազը» սպանել բանգլադեշցի Գոռին. մանրամասներ

1in.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Ռազմիկ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/3 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց Ռազմիկ Հովհաննիսյանը «գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ» վիճել է իր ծանոթ, 26-ամյա բանգլադեշցի Գոռ Գ.-ի հետ:
Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ժամանակ Գոռը հայհոյել է Ռազմիկի ծնողների հասցեին, ինչի պատճառով Ռազմիկ Հովհաննիսյանը Գոռին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկսայրանի շեղբ ունեցող ծակող-կտրող առարկայով երեք հարված է հասցրել՝ Գոռի գլխին, կրծքավանդակի ու որովայնի ձախ մասերին:
Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ գլխի ձախ կեսի կտրած վերք, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերք և որովայնի ձախ կեսի թափանցող ծանր վերք, որն իր ընթացքով վնասել է որովայնի ուղիղ մկանի փակեղները, ուղիղ մկանը, որովայնամիզը, մեծ ճարպոնը, բարակ աղու գալարները, որովայնային աորտան և ուղեկցվել է ներքին առատ արյունահոսությամբ:
Գոռ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելով՝ Ռազմիկ Հովհաննիսյանը դիմել է փախուստի:
Գոռ Գ.-ի արնաշաղախ մարմինը հայտնաբերվել է Կարմիր բլուր 2-րդ փողոցում՝ առանձնատներից մեկի դիմացի հատվածում: Դիակի զննությունը կատարվել է 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 25-ից մինչև 4-ն անց 10 րոպե:
Ըստ արձանագրության՝ փողոցում մեջքի վրա ընկած էր մինչև 30 տարեկան երիտասարդ՝ ձախ ոտնաթաթով մոտակա տան քարե պարսպին հենված, վերջույթները՝ տարածած, մի ոտքը՝ մի քիչ ծալված… Զննության պահին դիակը դեռ տաք էր…
Դեպի դիակը բերող ճանապարհին արյան հետքեր կային…
Բուն դանակահարության պահը ֆիքսվել է դանակահարության վայրում գտնվող տեսախցիկի կողմից: Ավտոլվացման կետի տեսախցիկն արձանագրել է, որ երկու երիտասարդ դեմ-հանդիման կանգնած՝ խոսում են: Նրանցից մեկի խոսելու ընթացքում երկրորդ երիտասարդը ձեռքը տանում է հետևի գրպանը, ձեռքը հետևում պահած՝ բացում է դանակը, կտրուկ շարժումով ձեռքը առաջ է տանում ու երեք հարված է հասցնում իր դիմաց կանգնածին՝ կրծքին, գլխին, որովայնին…
Դանակահարությունից հետո Գոռը որոշ տարածություն վազել է, փորձել է փրկություն գտնել, բայց…
Գոռ Գ.-ի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ էր մոտ 8 սմ որովայնի խոռոչ թափանցած, ներքին շատ օրգաններ վնասած, որովայնային աորտան կտրած ու առատ արյունահոսության պատճառ դարձած վնասվածքը: Բոլոր վնասվածքները տուժողը ստացել էր կենդանության օրոք, վնասվածքներ ստանալուց հետո շատ կարճ ժամանակ նա կարող էր ինքնուրույն շարժվել՝ այդպես վազելով հասել էր այնտեղ, որտեղ տապալվել էր գետնին ու մահացել էր…
Ռազմիկ Հովհաննիսյանը «տաք հետքերով» հայտնաբերվել է, նա իրավապահներին ներկայացել է որպես դերասան, ասել է, թե նկարահանվել է մի քանի սերիալներում: Մասնավորապես, էպիզոդիկ բացասական կերպարի դերում նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում:
Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննվողի մոտ արձանագրվել են «փսիխոպաթիկ գծեր», սակայն նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:
Դատական հոգեբանի եզրակացության համաձայն՝ դեպքի պահին Ռազմիկ Հովհաննիսյանը չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Եղել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի վիճակում:
Ըստ հոգեբանի՝ Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնել է, թե կպչուն մտքեր է ունեցել, պայքարի մեջ է եղել իր ներքին կերպարի՝ 17 տարեկան տղայի հետ: Այնուհետև նա հայտնել է, թե իր մեջ «չար հոգի» է մտել ու կառավարել է իրեն: Երբ ավարտվել են «Նռան հատիկ» սերիալի՝ իր մասնակցության հատվածի նկարահանումները, իր վիճակը սրվել է, իրեն մի չար կերպար է հետապնդել, որն իրեն դրդում էր ինքնասպանության…
Դատական հոգեբանը նշել է, թե փորձաքննվողը չի դիմել մասնագետի օգնության, նրա մոտ առաջացել է շփոթվածություն, ֆրուստրացիա, հուզական անկայուն վիճակ:
Ռազմիկ Հովհաննիսյանը նախկինում դատվածություններ ունի՝ 2014 թվականին նա դատապարտվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, նա ազատվել է պատժի կրումից, իսկ դեպքից մոտ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մայիսին, Ռազմիկ Հովհաննիսյանը երկու բաճկոն է գողացել «Դալմա Գարդեն Մոլից», բաճկոններն իրար վրայից հագել ու դուրս է եկել առևտրի կենտրոնից: Կատարված գողությունը հայտնաբերվել է տվյալ սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն ուսումնասիրելու արդյունքում: Գողության հաջորդ օրը Ռազմիկը նորից գտնվել է «Դալմայում», անվտանգության ծառայության աշխատողները ճանաչել են նրան, պարզաբանումներ են պահանջել, Ռազմիկը խոստովանել է կատարածը:
2017 թվականի հոկտեմբերի 31-ին Ռազմիկ Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 250 հազար դրամ տուգանքի: Ընդ որում՝ նրան գողության համար դատել ու դատապարտել է նույն դատավորը, ով ներկայումս նրան դատում է սպանության մեղադրանքով՝ Կարեն Ֆարխոյանը:
Ամբաստանյալը դատարանում հայտարարել է. «Ես զբաղվել եմ դերասանությամբ, իմ կերպարին վերաբերող բաներ են ասել… թող դատարանը ուշադրություն դարձնի՝ ինչ չափով են ինձ հուներից հանել… »:
Դեպքից հետո տուժողի ընտանիքին Ռազմիկի հայրիկի կողմից 2 հազար դոլար է հանձնվել:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գոռի հայրը, դատարանին ուղղված դիմումում նշել էր, թե ամբաստանյալից քաղհայցի պահանջ չունի. «Իմ կրած վնասը աննկարագրելի է, բայց քաղհայցի պահանջ չունեմ, չեմ ցանկանում նաև ծանոթանալ քրեական գործի նյութերին… Յուրաքանչյուր անգամ հոգեկան մեծ ցավ եմ ապրում…»:
Ամբաստանյալի հայրը դատարանում հայտնել է, թե վերոհիշյալ գումարը սպանված Գոռի հայրիկին է հանձնել Ռազմիկի խնդրանքով. «Ռազմիկը ցանկություն է հայտնել որևէ կերպ աջակցել տուժողի ընտանիքին…»:
Մեղադրող դատախազն իր մեղադրական ճառում հաստատված է գնահատել Ռազմիկ Հովհաննիսյանի մեղավորությունը՝ մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության կատարման համար:
Մեղադրողը նշել է, որ դատարանը պետք է հաշվի առնի հանցագործությունների կատարման ռեցիդիվը՝ Ռազմիկ Հովհաննիսյանի կողմից, կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև տուժողի կողմից դրսևորած հակաբարոյական վարքագիծը:
Մեղադրողը պահանջել է, որ դատարանը Ռազմիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտի ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:
Դատական այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կարմեն Պողոսյանը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքի պահին իր պաշտպանյալը գտնվել է հուզական լարված վիճակում, ինչն արձանագրվել է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև տուժողի հակաբարոյական, հակաիրավական վարքագծի վրա, ինչը դարձել է հանցագործության կատարման պատճառ:
Դատական այս նիստին ներկա էր նաև տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գոռի հայրը:
Ռազմիկ Հովհաննիսյանը զղջում արտահայտեց կատարվածի համար:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը: Դատարանը հաշվի էր առել, որ Ռազմիկ Հովհաննիսյանն ունի չմարված դատվածություն:
Ռազմիկ Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 11 տարի ազատազրկման: Այս պատժին գումարվեց նաև նախորդ՝ գողության համար սահմանված ու չկատարված պատիժը՝ տուգանք՝ 250 հազար դրամի չափով: Վերջին հաշվով Ռազմիկ Հովհաննիսյանը դատապարտվեց 11 տարի ազատազրկման և տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր