Արարատ Միրզոյանը մտադիր է բյուջեի հաշվին MERCEDES-MAYBACH գնե՞լ

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանն արդեն հանձնարարել է կամ առնվազն նման ցանկություն է հայտնել, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների կողմից «չլած» ավտոմեքենան, իր համար անպայման նորն է ուզում։ Իսկ նորը, ըստ Միրզոյանի ճաշակի, Mercedes S-Class պետք է լինի, որի ամենաթանկ մոդիֆիկացիան Maybach-ն է, և ասում են՝ Միրզոյանը հենց Maybach էլ ցանկանում է ձեռք բերել, ընդ որում՝ զրահապատ, ինչը ԱԺ նախագահին օրենքով չի հասնում։ Իսկ տվյալ մեքենայի գինը Mercedes-ի երևանյան ավտոսալոնում 100 մլն դրամից ավելի է։
Միրզոյանը նաև պահանջել է, որ մինչև իր գալը վերանորոգեն իր աշխատասենյակը, որը նախորդ դարից ի վեր՝ նորոգում չի տեսել։ ԱԺ աշխատակազմից, սակայն, մտադիր չեն բավարարել Միրզոյանի պահանջները, համարում են, որ նա դեռ չի ընտրվել, նախ թող ընտրվի, հետո թող գա նոր աշխատակազմի ղեկավարը և ինքն էլ որոշի՝ բյուջեի փողերը որտեղ ծախսել։ Թեպետ, ըստ շրջանառվող խոսակցությունների, Միրզոյանը, ասում են, վստահեցրել է, որ փողի մասով խնդիր չկա՝ ինքը կառավարությանը կասի, կառավարությունը կհաստատի և գումարը կհատկացնի։ Իսկ գումարը պետք է տրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
ԱԺ աշխատակազմից Hraparak.am-ին այս կապակցությամբ ընդամենը ասացին՝ իրենց հետ պաշտոնապես նման քննարկում չի եղել։ Թեպետ՝ Ազգային ժողովում այսօր արդեն շատերն են այդ մասին խոսում և պնդում, որ Միրզոյանի կողմից նման մտադրություն կա, և եթե ոչ պաշոտնապես, ապա ներքին կարգով գոնե նման առաջարկ և ցանկություն հայտնել է և հիմա ուղիներ են փնտրում հարցը լուծելու, հավանաբար նոր մեքենան ձեռք կբերեն նոր աշխատակազմի ձևավորումից հետո։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահին սպասարկում է BMW 750 Li մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել դեռ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, այնուհետև սպասարկել է Գալուստ Սահակյանին, հիմա էլ՝ Արա Բաբլոյանին։