«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

31 հուն 2019 14:16

Դեռ հարց է՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը կկարողանա՞ հայտնաբերել պատերին թուրքական դրոշներ փակցնողին

Դեռ հարց է՝  Լոս Անջելեսի ոստիկանությունը կկարողանա՞ հայտնաբերել պատերին թուրքական դրոշներ փակցնողինԴեռևս չի հայտնաբերվել Լոս Անջելեսի հայկական դպրոցների պատերին թուրքական դրոշներ փակցնողը. կան տեսագրությունները, սակայն քանի որ անձը դիմակավորված է եղել, դժվար է նրան գտնելը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: «Դեռ հարց է՝ արդյոք Լոս Անջելեսի ոստիկանությունը կկարողանա հայտնաբերել նրան, թե ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին  Լոս Անջելեսի երկու դպրոցներում թուրքական դրոշներ են փակցվել մինչև աշակերտների ժամանումը: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ասել էր, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ: Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել միջադեպի հետ կապված: Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին անդրադարձել են ԱՄՆ կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը: 
Ըստ Զարեհ Սինանյանի՝ հայատյացության դրսևորումներ լինում են ժամանակ առ ժամանակ: «Չի կարելի ասել, որ հաճախ են դրանք լինում: Սա վառ արտահայտված էր, որովհետև դպրոցներին էր վերաբերում, և սպառնալիք կար մեջը: Այդպես նկարագրվում է առնվազն հայ համայնքի կողմից, և դժվար է ասել՝ արդյոք մեր երեխաներին որևէ բան սպառնու՞մ է, թե՞ ոչ: Բայց հաշվի առնելով, թե ովքեր են թուրքերը և ինչ են իրենցից ներկայացնում, դրան պետք է լրջորեն վերաբերվել»,- ասաց նա:
Գլենդելի քաղաքապետի նկատառմամբ՝ իրեն գոհացնում է այն, որ իրականում արարքը ինչ-որ մանր խուլիգանություն էր, սակայն արդյունքը եղավ այն, որ մեծ արձագանքի արժանացավ ամերիկյան մամուլում:

«Մամուլի ասուլիս տրվեց, նույնիսկ կոնգրեսականներ հանդես եկան հայտարարություններով: Հետևաբար կարծում եմ, որ այս ակտը հակառակ արդյունք տվեց, եթե նպատակը հայերին ահաբեկելն էր կամ մեր նյարդերի վրա ազդելն էր, ապա իրականում միջադեպը առնվազն ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց հայ համայնքին, որ լուսաբանեն հայ-թուրքական հարաբերութունները, Հայոց ցեղասպանության խնդիրը: Այնպես որ շատ վատ մտածված, հիմար քայլ էր»,- ասաց նա:
Թե ինչ է ցանկացել ասել դիմակավորված անձն իր արարքով, Զարեհ Սինանյանի խոսքով, դժվար է ասել: «Ամեն ինչ կարող է լինել: Կարող է կապված լինել Հայոց բանակի օրվա հետ, կամ մեկ այլ բանի»,- ասաց նա:
Խոսելով Լոս Անջելեսում թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների առկայության և հզորության մասին՝ Զարեհ Սինանյանը նկատեց, որ դրանցից ամենաազդեցիկը Ադրբեջանի հյուպատոսարանն է:
«Հզոր է նրանով, որ անսպառ ռեսուրսներ ունի, և կարող է դրանք օգտագործել, իսկ Լոս Անջելեսից հարավ գտնվող «Օրինջ» դքսությունում կա թուրքական մեծ համայնք՝ մի քանի տասնյակ  հազար  հոգուց կազմված: Նրանք էլ համախմբված են հայկական հարցերի դեմ, ժամանակ առ ժամանակ իրենց հակահայությունը դրսևորում են: Նրանք նաև կապեր ունեն Միացյալ Նահանգների այլ մասերում ՝ Նյու Ջերսի, Արիզոնա նահանգներում գտնվող թուրքերի հետ: «Գորշ գայլեր»-ի հետևողներ կան, նրանց հետ  կապ են պահպանում: Այնպես որ չեմ բացառում նաև, որ տեղի ունեցածը նաև տեղի թուրքերի հրահրմամբ չի եղել»,- ասաց նա:
Հայ համայնքը, ըստ Զարեհ Սինանյանի, կարողացավ համարժեք արձագանքել միջադեպին, ճիշտ ձևով օգտագործեց հնարավորությունը՝ Հայոց ցեղասպանության և հայկական խնդիրների բարձրաձայնման առումով: «Համայնքը, բացի կառավարությանը, ոստիկանությանը դիմելուց, այլ բան չէր կարող անել: Սա լավ օգտագործվեց, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ խնդիր ունենք մենք, և ինչ կարգավիճակում է այն գտնվում»,- ասաց նա:
Այս իրավիճակում, Գլենդելի հայազգի քաղաքապետի խոսքով, ամենակարևորն այն է, որ Լոս Անջելեսի դատախազն արարքն անվանեց «վանդալիզմ»: «Պատիժն էլ կհամապատասխանի օրենքով նախատեսված այդ պատժին: Գլխավոր պատիժը «հանրային դատարանում» տեղի կունենա, ոչ թե դատարանում»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ այսօր երեխաներն արդեն դպրոց են գնացել՝ հայկական դրոշով շապիկներ հագած: «Դպրոցները բաց են, գործում են: Երեխաներն էլ ևս մեկ անգամ հիշեցին, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքը, և թե ինչ է տեղի ունեցել իրենց նախնիների հետ: Դա էլ էր կարևոր․ ամենօրյա կյանքում շատ հեշտ է մոռացության տրվում այդ փաստը»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր