«Օդում պտտվող լուրերի համաձայն Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է». Արամ Հարությունյան

Ո՞ւր է ստվերը, ո՞ւր է Գագիկ Խաչատրյանը: Ըստ էության ոչինչ չի փոխվել: Հիմա ոչ թե ճամպրուկներով են գումարը տանում Բաղրամյան 26, այլ միջնորդ կա: Այսօր Փաշինյանի մոտ ազգականն աշխատում է Սամվել Ալեքսանյանի մոտ՝ կադրերի բաժնի վարիչ: Փաշինյանի ու Ալեքսանյանի միջև շոկոլադային հարաբերություններ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ-ում որևէ ոլորտում լուրջ առաջընթաց չկա:
«Բռնաբարվել է արդարադատության համակարգը, փաստաբանների ինստիտուտի վրա ճնշում է գնում, հետևաբար՝ իրավական պետություն չի կարող լինել, իսկ ոչ իրավական պետության մեջ չի կարող լինել տնտեսական բարեփոխում: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» ցուցակում ընդգրկված մարդկանց, ապա ներդրվել են այնպիսի մարդիկ, ովքեր, կարելի է ասել, պետական հեղաշրջման մասնակիցների մեջ են եղել: Նկատի ունեմ Անդրանիկ Քոչարյանին: Մարդ, ում վտարել են Գյումրիից, այսօր ճոռոմ-ճոռոմ խոսում է իրավական պետության մասին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ մարդիկ, ովքեր խոսում են Մարտի 1-ից, օրինակ՝ Սասուն Միքայելյանը, երբ գնացել էինք նրան տեսակցության, ասում էր՝ «Սերժ Սարգսյանը մեր ախպերն ա», ինքը մեզ փող էր տվել, սխալվել-անցել են Լևոնի կողմը: Մարտի 1-ի հետ կապված 300 գործ է հարուցվել: Այս գործը խեղաթյուրվում է, և ամենասարսափելին այն է, որ խաբում են զոհվածների հարազատներին: Այսօր ինչո՞ւ չեն գնում շերիֆի՝ Ներքին զորքերի հրամանատարի հետևից: Մարտի մեկը մեր բոլորի ցավն է, բացառությամբ, երևի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ով այդ գիշեր ամենահանգիստն է քնել՝ երջանիկ էր, որ ստացավ այն, ինչ ուզում էր»,- նշեց Արամ Հարությունյանը:
«Իմ քայլը» դաշինքից Հովիկ Աղազարյանն արձագանքելով Արամ Հարությունյանին՝ ասաց.
«Կոռուպցիան ունի սկիզբ՝ ներքևի օղակներից, և գնում է մինչև վերևի օղակներ: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ փոխմարզպետներից վեր օղակներում կոռուպցիոն որևէ ռիսկ մենք չունենք: Միջին օղակներում, իհարկե, դրանք կան: Շատերը դեռ պատրաստ ու սովոր չեն ապրել նոր արժեհամակարգով, ճնշող մեծամասնությունն էլ չի ուզում ապրել և սաբոտաժ է անում, որպեսզի վերադառնան 58 տարվա ռեժիմին, երբ նման մարդիկ իրենց զգում էին՝ ինչպես ձուկը՝ ջրում»:
«Տարբեր առիթներով ասել եմ, որ, եթե Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ապա փախնելու հարցում՝ Վանո Սիրադեղյանի: Մարդը, ով փախչել, հետո համաներումով ազատվել է՝ բարոյական իրավունք չունի Մարտի 1-ի մասին խոսել: Քոչարյանի մեղքը, եթե կա, ապա դա այն է, որ ուշ մտցրեց արտակարգ իրավիճակ: Եթե շուտ մտցներ՝ գուցե զոհերը չլինեին: Իսկ ներկայիս դատավարությունը քաղաքական պատվեր է: Դուք գիտե՞ք, որ Սամվել Ալեքսանյանի խանութ ով որ մտել է, ամեն մեկի ձեռքից տուն է վերցրել: Այդ գործերը կան: Մարտի 1-ի գործը տրաքելու է: Արյունը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է, որ տնից դուրս չեկավ, կաթողիկոսին չընդունեց»,- նկատեց Արամ Հարությունյանը: