Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 փետ 2019 19:05

Կառավարության ծրագիրը հիմնվել է ոչ թե հեղափոխության հենարան հանդիսացած զանգվածի վրա, այլ համաձայնություն է բիզնես խավի և ապարատի «պրոֆեսիոնալների» հետ

Կառավարության ծրագիրը կարելի էր գնահատել ընտիր, ասենք Կարեն Կարապետյանի Կառավարության համար: Ներկայացված փաստաթուղթը բարեխղճորեն շրջանցել է բոլոր արմատական, համակարգային փոփոխությունների հնարավորությունը, իսկ քաղաքական խնդիրները ձևակերպված չեն: Խոսքը ոչ միայն Սահմանադրության կամ քաղաքական բարեփոխումների հարցերից խուսափելու մասին է: Տնտեսական զարգացման հատվածում առկա է ամեն ինչ, բացի հստակ նպատակի ձևակերպման, թե ի վերջո մենք ի՞նչ երկիր ենք ուզում, ի՞նչ քայլեր են արվելու, որպեսզի հին համակարգը վերափոխվի նորով:
 
Այդ հարցադրումները նեղ բյուջետային մտածողության սահմաներում լուծելն անհնար է, և տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխությունը արվել է մի թիմով, իսկ հեղափոխական գործընթացի բարեփոխումները իրականացվում են այլ թիմով` հասկանալի հետևանքներով:
 
Ծրագրի տնտեսական բլոկում համակարգային փոփոխություններ չկան, իսկ ժամանակի ձգումը հանգեցնելու է նրան, որ, երբ իշխանությունների վարկանիշը իջնի, ապա արմատական բարեփոխումների համար այլևս քաղաքական ռեսուրս չի լինելու: Ծրագրում ուղղակի չկա այն գիտակցությունը, որ երկիրը մնում է Քոչարյանական-Սարգսյանական սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական բուրգի ներքո՝ գերհարուստներով, գերաղքատներով, խոշոր խաղացողների գերիշխանությամբ, երբ ազգային եկամուտի 80 տոկոսը տնօրինում են մի 100 ընտանիք, իսկ միջին դասակարգը թույլ է: Չկա գիտակցություն, որ այդ կուռ, խնամի-քավոր-ազգական դասակարգի աչքերում այս իշխանությունը ընդամենը մի անհեթեթ պատահականություն է, և երկրի տնտեսական տերերը ընդամենը սպասում են հարմար առիթի, որ վերադարձնեն իրենց տնտեսական դիրքին համարժեք քաղաքական իշխանությունը:
Տպավորություն է, որ հեղափոխության կիսատությունը, անավարտությունը հետևանք է այն վախերի, որ «պրոֆեսիոնալները» ներդրել են քաղաքական ղեկավարության մեջ իրենց շահերից ելնելով, իսկ քաղաքական ղեկավարությունը մոռացել է, որ քաղաքական, նաև անձնական պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա, ոչ թե «պրոֆեսիոնալների»:
 
Մեր երկրի կապիտալի, սեփականության մի ստվար բաժինը լեգիտիմ չէր, և այդ իսկ պատճառով լեգալ չէ: Որպես հետևանք ունենք կապիտալի զանգվածային արտահանում:
Ընդ որում, եթե ընդունենք, որ այդ կապիտալի համար աշխատելու տեղ չկա երկրում, ապա տրամաբանական կլիներ կապիտալը արտահանել օրինական ճանապարհով, այսինքն գրանցել ներդրումները դրսում, որպես հայկական ընկերությունների՝ գլխամասի դուստր ձեռնարկություններ: Արդյունքնում մենք կունենային այսպես կոչված «երկրորդ տնտեսությունը», որը կաշխատեր դրսում, իսկ ղեկավարումը և ի վերջո ֆինանանսական հոսքերը կհոսեին մեր երկիր: Այդպես չի արվում, կապիտալը ուղղակի թաքցվում է և հանձնվում է այլ երկրների իշխանությունների արդարադատությանը:
 
Կապիտալի արտահանումը երկրից դուրս, ոչ միայն թույլ չի տալիս զարգանալ տնտեսությանը, այլև մեր կապիտալի արտահանողներին դարձնում է էլ ավելի կապված ու խոցելի այլ երկրների իշխանություններից, և էլ ավելի վտանգավոր երկրի պետականության համար:
 
Իսկ սա արդեն քաղաքական, ինքնիշխանությունը վտանգող հանգամանք է:
 
Նաև ներհայկական համակարգային խնդիր է, որովհետև չբացահայտված, չլեգալիզացված ահռելի հարստությունը, եթե իրավական առումով չի մաքրվել, միշտ փորձելու է իր պաշտպանությունը գնտել քաղաքական կյանքում՝ իր անմիջական, առանց միջոնրդների դերը և ներկայությունը ապահովելով: Միգուցե քաղաքական ուժերին պետք է այդ միջնորդ դերը՝ բիզնեսը պատանդ պահելու համար, բայց այդ ոչ լեգալ հարստությանը միջնորդներ պետք չեն:
Կապիտալի լեգալիզացման ու լեգալացման խնդիրը չի լուծվել, այն մնացել է:
 
Այս իրողությունը պահանջում է ներքին խոսակցություն և իրավական-քաղաքական գործընթաց, որի նպատակը պիտի լինի ոչ թե կապիտալի պետականացումը, այլ կապիտալի «մաքրումը», հայ կապիտալի ազգային դարձնելը, հասարակության հետ հաշտեցումը, ֆինանսական համաներումը, և կապիտալի լեգիտիմացումը և հետևաբար լեգալացումը:
 
Պետությունը՝ արգելելով օֆշոր, անանուն սեփականության պահպանումը և/կամ ձեռներեցությունը մի կողմից, պիտի ներկայացնի պարզ ու թափանցիկ ընթացակարգ, որով սեփականությունը կկարողանա լեգալացվել ու փակել պատմության այդ էջը:
 
Այն բիզնեսը, որը սահմանված ժամկետում չլեգալացվեց, չբացահայտվեց՝ պիտի ազգայնացվի: Ընդ որում, ինչպես կարևոր է բիզնեսի ու հանրության հաշտեցման գործընթացը, նույնքան կարևոր է չհաշտված «բիզնեսի» ազգայնացումը:
 
Հարկային բարեփոխումների հատվածում կա ամեն ինչ բացի մեկ պարզ որոշումից, որը յուրաքանչյուր զարգացած կամ զարգացմանը ձգտող երկիր կիրառում է՝ գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրում:
 
Որոշ մարդիկ պատճառաբանում են, թե մեր տնտեսությունը զարգացած չի, ապարատը պատրաստ չի, ու այդ իսկ պատճառով հարկային համակարգը իբր ադապտացվում է այդ տնտեսական իրավիճակին: Բա եթե տնտեսությունը զարգացած չի, ապա որն է համահարթ հարկման իմաստը, որն է նվազագույն շեմի բացակայության ու բարձր եկամտահարկի դրույքաչափերի իմաստը: Ճիշտ հակառակը, հարկային համակարգը պիտի էլ ավելի ադեկվատ լիներ ու հաշվի առներ սոցիալական հանգամանքները: Բայց այդպես չէ:
 
Հայաստանի տնտեսությունը գտնվում է արդեն այն մակարդակում, որ ոչ թե պետք է սպասել տնտեսության աճին, որ ներդրվի համընդհանուր հայտարարագրումը, այլ հակառակը, համընդհանուր հայտարարագրումը կխթանի սոցիալական ուղղվածություն ունեցող, այսինքն հենց ներառական տնտեսական աճը:
 
Ավելին, մեր հարկային համակարգը տեխնիկապես և կադրային առումով լավ պատրաստված է, հագեցած էլեկտրոնային գործիքներով ու հասել է համընդհանուր հայտարարագրման ներդման շեմին: Հասել է և կանգ առել իր զարգացման տրամաբանական փուլից առաջ: Խնդիրը բնավ տեխնիկական չէ, չնայած տեխնիկական խնդիրները «պրոֆեսիոնալները» պարտավոր են լուծել, եթե կա քաղաքական որոշում: Բայց եթե չկա քաղաքական որոշումը, ապա պիտի լինի նաև քաղաքական բացատրությունը, թե ում շահերից է բխում չբացահայտել ու չհարկել դոլարային միլիոնատերերին:
 
Ինչպե՞ս կարելի է անուղղակի հարկերի միջոցով հասնել «վճարունակ հարկ վճարողներ» կարգավիճակին, կամ հասկանալ, թե հարկատուն իր խնամակալության տակ գտնվող ընտանիքով ինչ եկամուտներ ունի, ինչպես կարելի է իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն, եթե որոշվել է նվազեցնել ուղղակի հարկերի բեռը՝ ի հաշիվ անուղղակի հարկերի, եկամտահարկը համահարթեցված պիտի լինի, և չկա հայտարարգրման մեխանիզմ:
 
Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել. ուղղակի ճիշտ հակառակը: Անուղղակի հարկերի վրա կենտրոնանալը նշանակում է հենց բիզնեսի ու բնակչության հարկում, իսկ ուղղակի հարկերի բազան եկամուտն է և հարստությունը:
 
Ճիշտ հակառակը, եթե ուզում եք հարկել սպառումը, ապա անհրաժեշտ է հարկել թանկ մեքենաները ու բազմամիլիոնանոց վիլլաները, նվազագույն կամ միջին շեմից բարձր սպառումը, շքեղ կյանքը, և ոչ թե բնակչության սպառումը: Գրված ծրագրի կարգախոսները ու փաստացի առաջարկվող մոդելները ուղղակիորեն իրար հակասում ու գտնվում են հին քաղաքական-տնտեսական կարգի ծայրահեղ աջ գծի մեջ:
 
Ծրագրում նաև կարգախոսեր կան՝ «տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացում», «տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանումը»: Նաև հայտարարվում է, որ բանկային վարկավորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության հաջորդ կարևոր հարցը։
 
Ըստ պաշտոնական թվերի, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկում տարբեր թվերին 1-1.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ Հայաստանից արտերկիր է փոխանցվում մոտ մեկ միլիարդ: 
Արտագնա աշխատանքի մեկնողները, երբ վերադառնում են երկիր նոյեմբեր-դեկտեմբերին, որ Նոր Տարին տունը անեն և գարունը նորից մեկնեն, իրենց հետ բերում են զգալի կանխիկ գումարներ, որոնցով ընտանիքը ապրում է այդ ձմեռային ամիսներին, այդ գումարներով տուն են առնում, ավտոմեքենա: Կանխիկ, դեկտեմբերին, թե հուլիսին բերված գումարները առնվազն կրկնակի շատ են բանկային համակարգի միջոցով ուղարկված գումարներից:
 
Եթե հաշվի առնենք այդ իրողությունը ապա ստացվում է հետևյալը. մեր անվանական 11 մլրդ դոլար ՀՆԱ-ի մեջ աշխատավարձերը (տրանսֆերները), որոնք ստացվում են նույն Ռուսաստանում նոմինալով կազմում են մոտ մեկ երրորդից ոչ պակաս թիվ: Մեր տնտեսությունը այս իմաստով ռուսական տնտեսության կցորդն է:
 
Դրամի արժեզրկման դեմ արտահայտվողները մի փաստարկ են բերում, թե ներմուծվող ապրանքները կթանկանան, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնելու:
 
Բայց մեր պարագայում արտագնա աշխատանքի մեկնողները և ազգականները դրսից փողը ուղարկում(բերում) են տուն, որից գերարժեվորված ազգային դրամի միջոցով տարվում է աշխատավարձերի, հետևաբար գնողունակության մի էական մասը, իսկ տեղական արտադրանքը համապատասխան ավելի թանկ է ներմուծվածից: Մենք ազգային դրամ ունենալու առավելություններից չենք օգտվում, իսկ ազգային դրամ ունենալու առավելությունը դարձել է զարգացման խոչընդոտ:
 
Վարվող քաղաքականությունը արդեն իսկ ունի հակասոցիալ բնույթ: Մեր գները արդեն իսկ լիովին համադրելի են մեզանից զարգացած երկրների գների հետ, իսկ եկամուտները՝ ոչ: Բա էլ ու՞ր մնաց գերարժևորված դրամը պահպանելու իբր սոցիալական նպատակը:
 
Դրամի դևալվացիայի դեպքում, ներմուծված ապրանքների գների աննշան աճը ներմուծված ապրարքների մասով լիարժեք կոմպեսացվելու է այդ նույն Ռուսաստանից և այլ երկրներից ստացվող տրանսֆերների գնողունակության աճով, իսկ դրանք մեր եկամուտների ահռելի բաժինն են կազմում, այդ ազդեցությանը պետք է գումարենք նաև հայկական արտադրանքի էժանացման արդյունքը, փոխարժեքի փոփոխության հաշվին արտահանողների աճած եկամուտները, և արտահանման աճի հնարավորության հետևանքը:
 
ՌԴ-ն, Վրաստանի, ՈՒկրաինայի, Թուրքիայի, և նույնսիկ Ադրբեջանի ազգային փողերը արժեզրկվել են և բոլորի ապրանքները մեր ծանր դրամի պատճառով մեր նկատմամբ ունեն մրցակցային առավելություն: Եթե մենք իսկապես ուզում ենք զարկ տանք ներքին արտադրությանը և արտահանմանը, ապա դրամի արժեզրկումը այլընտրանք չունի:
 
Դրամավարկային քաղաքականությունը տարիներ ի վեր վարվել է ներկրողների շահերից ելնելով, ու Կառավարության ծրագրում այդ համակարգային ներդրված արատի մասին մեկ բառ ասված չէ: Ծրագրում գրված է. «Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առևտրային գործընկերների ցուցանիշներին»: Հրաշալի է: Իսկ հարկային բեռին և ազգային արժույթներին ևս չպետք է՞ զիջեն:
 
Տնտեսական բաժինը նայելուց հետո արդեն տարօրինակ չէ, որ քաղաքական նպատակներ Կառավարության ծրագրում չկան: Գործում է այլ տրամաբանություն, որը 90թ-ին արդեն տեսել ենք. ազատական տրամադրված մտավորականները, գիտաշխատողները հանկարծ որոշեցին կապիտալիզմի պաշտպան դառնալ ու քանդեցին այն դասը, որի ներկայացուցիչն էին, որ կառուցեն կապիտալիզմ: Իրենք կապիտալիստ չդառան, բայց տնտեսական ու հետագայում քաղաքական իշխանությունը հանձնեցին ուրիշներին՝ ոչնչացնելով միջին դասակարգը: Այս ծրագրում կարծես թե նույն տրամադրությունն է. հիմնվել ոչ թե հեղափոխության հենարան հանդիսացած զանգվածի վրա, այլ գալ համաձայնության բիզնես խավի և ապարատի, «պրոֆեսիոնալների» հետ: Ավարտվելու է նույն արդյունքով:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր