Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ          Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ է պատրաստվում գնել, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորվել Ֆրանսիայից պաշտպանական սպառազինությունների ձեռքբերմամբ       Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»    

04 օգոս 2016 20:20

Սփյուռքում տեղյակ չեն Հայաստանի իրական վիճակից, լուրերն այնտեղ հասնում են գրաքննված.Արսինե Խանջյան. Տեսանյութ

Օգոստոսի 4-ին Հայացք մամուլի ակումբում կանադահայ դերասանուհի, ռեժիսոր պրոդյուսեր Արսինե Խանջյանը և փաստաբաններ` Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանն ու Իրավունքի Եվրոպա միավորում  Հ/Կ նախագահ Լուսինե Հակոբյանը անդրադարձան ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներին, թե սփյուռքում ինչպես ընկալվեցին այդ իրադարձությունները, ինչպես նաև խոսեցին իրավական հարթությունում իրենց անելիքների մասին:

Արսինե Խանջյանի շահերի ներկայացուցիչ` փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դերասանուհի Արսինե Խանջյանին անհիմն բերման ենթարկելու դեպքով հաղորդում են ներկայացնելու, որպեսզի հարուցվի քրեական գործ. «Մենք հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քրեական գործ հարուցվի Արսինե Խանջյանին բերման ենթարկելու դեպքով: Ամեն ինչ անելու ենք, իսկ եթե արդյունքի չհասնենք, կդիմենք ՄԻԵԴ»:

Հիշեցնենք, որ Հուլիսի 26-ին «Սասնա ծռերի» սատարման երթի ժամանակ ձերբակալված Արսինե Խանջյանը բերման է ենթարկվել ոստիկանական ուժերի կողմից և երեք ժամ շարունակ գտնվել Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող ձերբակալվածների պահման վայրում: Դերասանուհուն և մոտ հարյուր այլ բերման ենթարկվածների, տեղափոխել են ոչ թե ոստիկանության բաժանմունք, այլ Ոստիկանության զորքերի ակադեմիա: 
Ըստ, փաստաբան Լուսինե Սահակյանի անհրաժեշտ է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար շարունակական պայքար տանել: Նրա խոսքով` հետևողական են լինելու, որ համապատասխան անձինք պատասխանատվության ենթարկվեն. «Պետք է պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք բազմաթիվ անձանց են անհիմն ազատությունից զրկել: Ոստիկանությունը տարիներ շարունակ ագրեսիվ գործողություններ է իրականացնում քաղաքացիների, իրենց աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ, սակայն, անպատիժ է մնում»: Լուսինե Սահակյանը նկատեց, որ իշխանությունների համար ամենևին կարևոր չէ, թե ինչ մեղադրանքով անձանց կազատազրկեն, կարևորն այն է, որ այդ անձինք չպայքարեն. «Նրանք հասկացան, որ վարչական պատասխանատվության ենթարկելով չեն կարողանում ազդել մարդկանց վրա, հիմա արդեն նրանք անցան քրեաիրավական դաշտ»: Ասուլիսին ներկա փաստաբան Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց իրենց առաջնային քայլերը. «Առաջինը` բողոքարկելու ենք ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, երկրորդը` իրավական որակումները: Մենք տեսանք, որ այս օրերին փլուզվեց ոստիկանության «բարեփոխումներ»-ի միֆը: Տեսանք, որ ոստիկանությունն առանց որևէ պատճառաբանության մարդկանց է բերման ենթարկում: Անհրաժեշտ է հետևողական լինել և պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասաց փաստաբանը:

Դերասանուհի Արսենե Խանջյանն իր հերթին հայտարարեց, որ պատրաստվում է սփյուռքահայերի մասնակցությամբ  քննարկումներ կազմակերպել`  հուլիսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Նրա խոսքով Սփյուռքում տեղյակ չեն Հայաստանի իրական վիճակից, լուրերն այնտեղ հասնում են գրաքննված: Մինչդեռ ինքը շատ մտահոգ է Հայաստանի վիճակով: Նա նաև մտավախություններ ունի, որ առաջիկայում լուրջ կորուստներ կարող ենք ունենալ: Դերասանուհին նշեց, որ ականտես է եղել` ինչպես են Հայաստանում զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները և այս ամենի մասին պետք է տեղեկանան նաև Սփյուռքում: Նա այդ ձևով փորձելու է պայքարել այն քաղաքացիների համար, որոնք այս ժամանակահատվածում և ընդհանրապես բռնության են ենթարկվել ոստիկանների կամ իշխանությունների կողմից: Դերասանուհին ցանկանում է իր օրինակով ցույց տալ, որ մարդու իրավունքների ոտնահարումն անպատիժ մնալ չի կարող. «Ուզում եմ, որ հայ ժողովուրդը զգա, որ միայնակ չէ»,-ասաց Արսինե Խանջյանը:

Արսինե Խանջյանն անդրադառնալով իրեն հուլիսի 27-ին Երևանի Խանջյան փողոցից բերման ենթարկելուն, նշեց, որ բերման ենթարկելուց իրեն ոչ ոք բացատրություն չի տվել` ինչու է բերման ենթարկվում, ինչը մարդու իրավուքնների կոպիտ խախտում է:
«Ես ավելի շատ զարմացել էի, որ այնտեղ դիմակավոր, զինված ոստիկաններ կային, կարծես տարազ էին հագել: Բերման ենթարկվածներից երկու անգամ անուն–ազգանուն և այլ անձնական տվյալներ էին հարցնում պայուսակներն էին խուզարկում: Երբ ինձ ճանաչեցին, ասացին թյուրիմացություն է եղել և ներողություն խնդրեցին, բայց ես ասացի, որ ինձանից ներողություն խնդրել հարկավոր չէ, քանի որ իմ նման հարյուր քաղաքացի կար այնտեղ, որոնց հետ իրենք այնքան էլ հարգալից չէին խոսում»,-ասաց Արսինե Խաջյանը:

Նա նշեց, որ  իրեն բերման ենթարկելու փաստին անդրադարձել  են նաև արտասահմանյան լրատվամիջոցները, որի արդյունքում էլ հնարավոր է եղել ինչ-որ չափով նրանց ուշադրությունը հրավիրել Հայաստանում տեղի ուենցող իրադարձություններին. «Երբ ինձանից հարցազրույց էին վերցնում, հարցնում էին` արդյոք ժողովրդավարական երկիր չէ Հայաստանը, իսկ ես չգիտեի ինչ պատասխանեմ այդ պահին»:
Ասուլիսի մասնակից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ ՀԿ-ն ոստիկանություն հարցում է ուղարկել եւ խնդրել տեղեկացնել` հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում քանի մարդ է բերման ենթարկվել: Ըստ հարցման, ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ժամանակահատվածում բերման է ենթարկվել  119 քաղաքացի. «Ես սակայն, համարում եմ, որ իրական թիվն ավելի մեծ է: Բացի այդ նշված է, որ այս քաղաքացիները ծանուցվել են իրենց բերման ենթարկելու պատճառների մասին և համապատասխան արձանագրություններ են կազմվել, սակայն, տեսանք, որ սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, իրականությունը հստակ հասկանալու համար լավ օրինակ է Արսինե Խանջյանի պատմությունը»,-ասաց փաստաբանը:
Сохранить

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր