Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների դեմ, իր պապերի պես դագաղում կհայտնվի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ ուղղված և 50 մարդու կյանք խլած ահաբեկչության ֆոնին խիստ նախազգուշացում է հղել նրանց, ովքեր հակամուսուլմանական նպատակներով պատրաստվում են երկիր մուտք գործել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 65-ամյա ղեկավարը հանրային ելույթի ժամանակ անդրադարձել է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտին ու հայտարարել, որ նողկալի դրդապատճառներով Թուրքիա մուտք գործողները «հետ կվերադառնան դագաղներով»:
Հայտնի է, որ Էրդողանը նկատի է ունեցել 1916թ. դաշնակից ուժերի՝ Գալիպոլիի թերակղզի ներխուժելու ձախողված փորձը:
«Ձեր պապերը եկան, նրանցից որոշները հետ վերադարձան դագաղների մեջ պառկած: Եթե դուք էլ ձեր պապերի պես գաք, վստահ եղեք, որ նրանց պես էլ վերադառնալու եք: Եթե որևէ մեկը կանգնի թուրքերի, մուսուլմանների և մյուս հալածյալների դեմ, ապա պատմությունը կկրկնվի: Եթե Թուրքիան կրկին Գալիպոլիի ճակատամարտի պես փորձության առաջ կանգնի, ապա կկարողանա նույնը կրկնել»,-ասել է Էրդողանը:
Հայտնի է, որ Դարդանելի գործողությունը կամ Գալիպոլիի ճակատամարտը մասշտաբային զինված գործողություն էր, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ՝ Անտանտի կողմից: Դրա նպատակը Ստամբուլի գրավումն էր, Թուրքիայի պատերազմից դուրս գալը և դեպի Ռուսաստան ծովային ճանապարհի բացումը: Արդյունքում Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել։