Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 ապր 2019 10:15

Իսրայելն օրինակ է ցույց տալիս Հայաստանին.«Ժամանակ»

Իսրայելն օրինակ է ցույց տալիս Հայաստանին.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը եւ հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ եւ այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ ծրագիրը մշակվել է նոր, սակայն սա արդեն կարեւոր չէ: Կարեւոր է մոտեցումը, որը պետք է օրինակ լինի նաեւ Հայաստանի, հայկական կողմի համար՝ արցախյան հարցում:
Թրամփի հայտարարությունից հետո հայաստանյան փորձագիտական դաշտն արձանագրեց, որ սա որոշակի նախադեպային խաղաքարտեր է տալիս հայկական դիվանագիտությանը, որն ուղիղ եւ բաց օգտագործելը դժվար պատկերացնելի է, սակայն որը հնարավոր է կիրառել դիվանագիտական խոհանոցում: Սրան հաջորդում է մեկ այլ «նախադեպ» Հայաստանի համար՝ վերաբնակեցումը:

Այս դեպքում չակերտներով, քանի որ, խոշոր հաշվով, վերաբնակեցման մասին Հայաստանում եւ Արցախում խոսում են վաղուց, սակայն գործնական առումով վերաբնակեցում տեղի է ունեցել միայն Լաչինում ու Քարվաճառում, այն էլ, մեծ հաշվով, ոչ բավարար արդյունավետությամբ եւ ռազմավարությամբ: Միեւնույն ժամանակ, խնդիրը ամբողջական հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Արաքսի հովտի վերաբնակեցումն է, որը անցնող քառորդ դարում փաստորեն եղել է լիովին բարձիթողի վիճակում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել: Ավելին, աղաղակող էր, երբ հայկական կողմը 2004 թվականին հպարտանում էր ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի առաջ, թե չի վերաբնակեցրել տարածքները, երբ խումբն Ադրբեջանի պահանջով իրականացնում էր հենց այդ հարցի մոնիթորինգ: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ քառորդ դարի անհամարժեք քաղաքականության հետեւանքն էր, որը ցավալիորեն պայթեց Ապրիլյան պատերազմում:
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Արաքսի հովտում արեց հայտնի հայտարարությունը, այդ թվում՝ վերաբնակեցման մասին: Սա աննախադեպ էր այն իմաստով, որ հնչում էր մինչ այդ նույնիսկ մոտ կալիբրով այդպիսի հայտարարության բացակայության պայմաններում: Սա արդեն իսկ նշանակալի իրողություն է, սակայն շատ կարեւոր է, որ այդ խոսքը հնարավորինս արագ սկսի վերածվել առարկայական գործի, ինչը չափազանց կարեւոր գործոն է լինելու նաեւ հայկական արտաքին քաղաքականության դիրքերի տեսանկյունից:
Անկասկած է, որ կա անհրաժեշտ ներուժ, որը հնարավոր է մոբիլիզացնել քաղաքական կամքի առկայության պայմաններում: Իսկ կամքի մասին վկայեց հենց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն այժմ պահանջում է գործով շարունակություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր