17:31 - Տուժածներից մեկն «օրենքով գողերի» ահ ու սարսափ գեներալ «Թամամն» է. Գողություն կատարողներից մեկը հայտնաբերվել է         17:10 - Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդում կլինի,սակայն ֆրանսիական մամուլում ոչ մի տեղեկություն      16:46 - Պատերազմի աճի սպառնալիքին զուգահեռ՝ թանձրանում է Հայաստան-Արցախ մշուշը    

13 ապր 2019 19:46

Իրադարձությունների հորձանուտում

Քաղաքական դժխեմ սովորույթների բացասումըՔաղաքական դժխեմ սովորույթների բացասումը
Կան այնպիսի անհատներ, որ ամեն փոքրիկ սկանդալից հետո հաշվում են` ահա խորհրդարանում 31+ 18 +20 = 69-ի, ու սա այն թիվն է, որով կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին: Խոսքը ԲՀԿ-ի 31-ի, «Լուսավոր Հայաստանի» 18-ի, ու «Իմ քայլում» ենթադրաբար նախկին իշխանություններից ներդրված 20 պատգամավորի մասին է:
 
Չեք փոխվում, էլի: Նախկինում առատ սնունդ ստացածներդ դեռ ապրում եք ձեզ համար հարմարավետ, իսկ ժողովրդի մեծ մասի համար անհարմարավետ եղած Հայաստանում, որտեղ առուծախի էր ենթարկվում ամեն բան: Բա լավ, որ այդ գումարում-հանումներն աշխատեին, ինչպես տասնյակ տարիներով աշխատել են, էլ ուր էր սովորական մարդը ոտքի կանգնում ու առանց խորանալու սատարում առաջին պատահած ոտքի կանգնեցնողին: Մնացել եք անցյալի մեջ, անգամ եթե նոր իշխանությանն անվստահություն հայտնելու պահը գա` անցյալի պլյուս-մինուսները մոռացեք, արդեն այլ օրենքներ են գործում, սերունդն իսկապես փոխվեց: Պատկերացրեք` եթե մի գիշերային նիստով էդ 69-ը միանում են, մտածեք, թե Ազգային ժողովի մոտ հաջորդ առավոտ քանի մարդ կգա` իրենց անտեսման ակտը առ ոչինչ դարձնելու համար: Դա ոչ թե նախկին կամ նոր իշխանությանն ուղղված հայտ կլինի, ալ հանրության լայն շերտերի ինքնահաստատման` արդեն այլ հետեւանքներով: Ոչ ոք այլեւս չի ուզում այն անցյալը, երբ ընտրությունները ոչինչ չորոշող միջոցառում էին, իսկ իշխանության հարցը լուծվում էր կաբինետներում, պատգամավոր առնել-ծախելով: Չենք ասում` օրվա իշխանությունն անսխալական եւ հավերժ է, քավ լիցի, ե՛ւ սխալներն են բազում, ե՛ւ իշխանափոխություն միշտ էլ կարող է լինել, բայց արդեն լուրջ ու ձեւավորված ընդդիմությամբ ու հանրությանն առարկայական առաջարկի շրջանակում, որի համար պետք է շատ լուրջ աշխատեն իրենց ընդդիմություն համարող նորանոր ուժեր: Բոլոր դեպքերում արժե հետաքրքրվել, թե ինչ իմքայլական 20-ի մասին են խոսում անցյալի կարոտախտով բռնված հաշվապահները:
 
Վերջերս լրագրողներն Ազգային ժողովում հաշվում էին այսպես կոչված «միշիկական» պատգամավորներին, բայց ոչ մի կերպ այդ հաշիվը 10-ից չանցավ, ենթադրությունների մակարդակում` մի կերպ հաշվումները 12-ի էին հասցնում: Ուրեմն, հա, երեւոմ է` կան այդպիսի պատգամավորներ: Միգուցե «Սպայկայի» դեմ տեղի ունեցողն այս համատեքստում եւս պետք է դիտարկել, չգիտեմ, կամ էլ`նախկիններից սնվող լրատվամիջոցների` գործող իշխանություններին ուղղված միահամուռ հարվածի ուժը մի փոքր մեղմելու համատեքստում: Ինչ- որ սողացող գործընթաց որ կա` պարզից էլ պարզ է, իզուր չէր երեւի, որ Ազգային ժողովում տրանսգենդերի լավ պլանավորված ելույթի սկանդալը վարչապետը հասցեագրում էր ԲՀԿ-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը` «Իմ քայլին»: Քանի որ` ով էլ կազմակերպած լիներ արական Լիլիթի համարյա քաղաքական ելույթը` վստահ է եղել ավերիչ արձագանքի վրա: Քանի որ հանրությունն, իրոք, բացասական է վերաբերվում ավանդական ընտանիքի դեմ այդպիսի անամոթ քարոզին, միեւնույն ժամանակ ԵՄ համաձայնագիր ունենք, որտեղ նաեւ գենդերային հավասարության համապատասխան դրույթներ եւս կան, ու եվրոպական խիստ արձագանք, նայած իշխանության բացատրություններին, լինելու էր: ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթից անմիջապես առաջ: Ով էլ կազմակերպեր, երկրին կպնող էդ նուրբ թեմայում զուսպ լինելու ավանդույթի վրա էլ թքած: Մի դեպքում իշխանությանը երկկողմանի էր կպչում` հանրության աչքում նրան դարձնելով ընտանեկան արժեքերի հակառակորդ, եվրոպացիների աչքում` մարդու իրավունքների ոտնահարող, երկրորդ` ԲՀԿ-ի դեպքում էլի երկկողմանի ազդեցությամբ` իշխանության ոտքի տակ ական դնելու, եւ, միաժամանակ, ավանդական արժեքների պաշտպանի դերում հանդես գալու հարմար առիթ վերագրելով: Ո՞րն է` դժվար է ասել, անձամբ ես կարծում եմ, որ տրանսգենդերների հրապարակային շնորհակալությանն արժանացած իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն, այնուամենայնիվ, չափից ավելի է ջանացել` բազմազանների հարցում, թեկուզ հենց իր սոցիալական էջում, եւ նրա խորհրդարանում գտնվելը վատ նախադեպի շարունակություն է, ինչպես որ Հայ եկեղեցու քահանային փիլոնազրկելը...
 
Չնայած, այսպես ասած` ԼԳԲՏ համայնքին սատարելու, խտրականության դեմ պայքարելու կոչով եվրոպական արձագանքին ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքն արժանապատիվ ենք համարում` թե եվրոպացիք հարգանք եւ զգայունություն պետք է ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ: Առաջին անգամ նման բան տեսա պաշտոնական մակարդակով:
 
Վերադառնալով վերջին օրերի` քաղաքական առումով հին ոճի կռվին, նշենք, թե սադրանքներով եւ ժողովրդի թիկունքում խորրդարանում դասավորություն փոխելու հետին միտքը հազիվ թե ապագա ունի: Փաշինյանից հետո վարչապետ կարող է դառնալ միայն ու միայն լավագույն կթրությամբ ու տնտեսությունը ինստիտուցիոնալ, ու ոչ թե միայն բիզնեսի մակարդակով իմացող մարդ, որն իր խոսքի մշակույթով նաեւ չպետք է «խայտառակի ռեսպուբլիկան», այնպես որ` «հանգիստ նստեք տեղներդ»:
 
Իրադարձությունների հորձանուտում
 
Իհարկե, Հայաստանում եւ նրա շուրջ վերջին շրջանում իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ անգամ ամենահնչեղ շոուները մնում են օրվա մեջ, հաճախ իմաստավորել չենք հասցնում դրանք: Ահա եւ հետ նայելու համարյա ժամանակ չկա`դեռ չմարսած Փաշինյան-Ալիեւ հանդիպման Վիեննայի արարը`  պարզվեց, որ ապրիլի տասնհինգին Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, համանախագահող երկրի` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Հետաքրքրական է` ի՞նչ օրակարգով, արդյոք ԱՄՆ-ում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի պնդած խաղաղության օրակարգո՞վ, թե Վիեննան, այնուամենայնիվ, նոր բան ավելացրել է եղածին: Ասենք` Գոլանի բարձունքը յուրացրած Իսրայելին դիտարկելով որպես այդ քայլն իր կենսական իրավունքի պաշտպանությունն իրացնող`մի համանախագահ ԱՄՆ-ի դեպքում, մյուս համանախագահ Ռուսաստանի դեպքում դա կարելի՞ է վերաբերեցնել Արցախի համանման վիճակին, եւ արդյոք Լավրովի պլան շոշափած եւ Ղրիմն իրենով արած Ռուսաստանը կարո՞ղ է այդ ուղղությամբ ինչ-որ կառուցողական վերաբերմունք դրսեւորել:
 
ԵԽԽՎ պատուհանը
 
Այս պահին մի պատուհան էլ Հայաստանի համար բացվել էր ԵԽԽՎ-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ու շփումների միջոցով` Հայաստանի եւ Արցախի հարցերը արժանապատիվ ներկայացնելու առումով:
 
Այս այցից Հայաստանում ակնկալիքներ կային` նաեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու առումով: Արդեն իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում, մինչեւ վերջինիս ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, ասել էր, թե Եվրոմիությունը նոր, ավելի լայն պլան է հաստատել Հայաստանի համար` ողջունելով մեր երկրի վերջին քայլերը ժողովրդավարության ճանապարհին` ընտրություններով խաղաղ իշխանափոխությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Միեւնույն ժամանակ նույն Յագլանդը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի` Արցախ (գորշ գոտիներ) այցելելու անհնարինությունը պարզապես անթույլատրելի էր անվանել` հումանիտար աշխատանք իրականցնելու անհնարինության պատճառով:
 
ԵԽԽՎ ամբիոնից արդեն ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը խոսում էր կողմերի` ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու, խաղաղության օրակարգի մասին: Նա նշեց, թե բավական կառուցողական եւ դրական երկխոսություն է սկսել Ադրբեջանի նախագահի հետ, բայց միայն ղեկավարների երկխոսությամբ հարցը կարգավորել հնարավոր չէ, երկխոսություն պետք է լինի նաեւ երկու երկրների հանրությունների միջեւ` խաղաղությանը պատրաստելու համար, եւ որ` կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի միաժամանակ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար, իսկ այս կարգի հայտարարություն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել:
 
Ադրբեջանցի պատվիրակի հարցին պատասխանելով` Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնեց, թե բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության դրույթը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, ինչպես ադրբեջանական կողմից են պնդում, այլ Մինսկի խմբի ձեւաչափի լիարժեք վերականգնում: Յագլանդի հետ համատեղ ասուլիսում էլ, ԵԽԽՎ ամբիոնից էլ Փաշինյանը շեշտեց, թե կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների, ուժի կիրառման լեզվից եւ հանրություններին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի:
 
Նա նաեւ ԵԽԽՎ ամբիոնը խաղաղության ամբիոն անվանեց, մինչդեռ այն երբեմն գործածվում է պատերազմ հրահրելու համար: Օրինակ 2016-ի հունվարին ԼՂ հարցի շուրջ բուռն քննարկումներին հաջորդեց ապրիլյան պատերազմը, այսինքն` քննարկումների ու փաստաթղթերի հեղինակները հակամարտություններից յուրաքանչյուրը պետք է պատճառահետեւանքային կապերով, ըստ էության դիտարկեն, որպեսզի միջազգային կառույցներին աշխարհաքաղաքական խաղերի մեջ չներքաշեն, հակամարտությունները չբորբոքեն ու խաղաղ մարդկանց կյանքի հետ չխաղան: «Մարդն ավելին է, քան որեւէ փաստաթուղթ», նշեց Փաշինյանըՙ կոչ անելով մարդու իրավունքներով զբաղվող եվրոկառույցներին աջակցելու Արցախի ժողովրդին` կատարելագործելու իր ժողովրավարական հաստատությունները:
 
Առաջին հայացքի տպավորությամբ` Հայաստանի վարչապետի ելույթն ու հանդիպումները ԵԽԽՎ-ում դրական բացվածքով էին, անգամ եվրոպական ֆոնը լավ ապահովվեց` Իտալիայի խորհրդարանը նույն օրը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձեւը եւ Ֆրանսիայում` Էմմանուիլ Մակրոնը ստորագրեց հրաման` ապրիլի 24-ը Ֆրանսիայում ցեղասանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին:
Մարիետա Խաչատրյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր