Թուրքիայի իշխանամետ մամուլը չարձագանքեց այդ միջադեպին.հայերի դեմ նման հարձակումները ատելության դրդումով են կատարվում

Ermenihaber.am-ի հետ զրուցել է պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
– Սամաթիա թաղամասում հայ կնոջ վրա հարձակման վերաբերյալ որևէ մանրամասների տիրապետու՞մ եք:
– Առայժմ ոչ, քանի որ մենք միայն իմացել ենք, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել, մանրամասները դեռևս հայտնի չեն, որքան գիտեմ: Հարձակվողները դիմակավորված են եղել: Գիտենք, որ երկու հոգի են եղել և արդեն գիտենք, որ նախապես ատելության պատգամներով, սպառնալիքի բնույթով գրություններ էին փակցրել այդ մարդկանց բնակարանի վրա:
– Արդյո՞ք դա կենցաղային հողի վրա էր արված, թե՞ կան այլ պատճառներ:
– Ամեն պարագայում, երբ հայի վրա նման հարձակում է լինում, մեր մտքում առաջինը գալիս են ատելության դրդումով կատարված հանցագործությունները : Այս դեպքում էլ ենք այդպես կարծում, որ հայատյաց դրդումով կատարված հանցագործություն է: Բայց ավելի խորը չենք իմանում:
– Իսկ հնարավո՞ր է, որ թուրք ազգայնականները թիրախավորել են հենց հատուկ Հայաստանի քաղաքացիներին, թե՞ ընդհանուր հայերի դեմ են խմորումներ տեղի ունենում:
– Առհասարակ հայերի դեմ է Թուրքիայում տիրող ատելությունը, ազգայնական շրջանակներում տիրող ատելությունը: Իրենց համար շատ մեծ նշանակություն չունի հայաստանցի հայ է, թե տեղացի հայ:
– Ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք, որ նման դեպքերը կարող են հաճախակի բնույթ կրել:
– Ոչ, չունենք այդպիսի ակնկալիքներ, որ հետագայում անպայման պետք է նման դեպքեր լինեն, բայց հաստատ համոզում կա, որ ամեն վայրկյան, ամեն պահ կարող է նման բան տեղի ունենալ:
– Ինչպես գիտենք, Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին թուրքական իրավապահ մարմինները տեղյակ են եղել: Այս թեմայի հետ զուգահեռ անցկացնելով՝ հնարավո՞ր է, որ իրավապահ մարմինները նախապես տեղյակ են եղել, բայց անգործության են մատնվել: Եվ արդյո՞ք սա իրենց կողմից թողտվության հետևանք չէ:
– Ոչ, ես նույնը չեմ ասի, որովհետև Հրանտ Դինքի օրինակում նա պետական ոճիրի զոհ է դարձել: Այդ ոճիրը ծրագրված էր պետական մարմինների կողմից և հետո ոճրագործին փողոցից էին գտել և շահագործել: Այս դեպքը նման չէ Դինքի օրինակին և կարծես թե այն անհատական ատելության դրսևորում է, այսինքն պետության կողմից չի գործվել: Այս դեպքում պետությունը, ավելի ճիշտ ոստիկանությունը կարող է ձեռնպահ մնալ: Հնարավոր է, որ մեծ ցանկությամբ չցանկանան փնտրել այս հարձակման հեղինակին:
– Ըստ Ձեզ՝ այս դեպքը թուրք ազգայնական խմբավորման կողմից է արված, թե՞ անհատական դրսևորում է:
– Հարկավ, հնարավոր է, քանի որ այդպիսի կուսակցություններ կան, երիտասարդական կազմակերպություններ կան: Հավանական է, որ նրանց ձեռագիրը լինի, բայց չեմ կարծում, որ պետությունն է ծրագրել:
– Թուրքիայի իրավապահ մարմինները կանխարգելելու փորձեր երբևէ ձեռնարկե՞լ են, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն:
– Ոչ, այդպիսի տեսանելի փորձեր երբեք գոյություն չեն ունեցել, ոչ էլ պատգամներ: Արդարև, այս ոճիրը նույնպես Թուրքիայի շատ թերթերում արձագանք չգտավ, միայն «Ակօսի» լրատվությունը կար և մեկ-երկու ընդդիմադիր թերթեր անդրադարձան այդ դեպքին՝ հղում տալով «Ակօսին»: Դե իսկ իշխանամետ մամուլը, որն ընդհանուր առմամբ կազմում է Թուրքիայի մամուլի 95 տոկոսը. առհասարակ չարձագանքեց այդ միջադեպին: