17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

04 հուն 2019 10:45

Փաշինյանի կառավարությունը վերջնականապես կորցնում է կողմնորոշիչները. «Իրատես»

«Սուպերվարչապետական լիազորություններով օժտված անձը իր ղեկավարած երկրում դատավարական համակարգի անհնազանդությունը կուլ չտալով՝ բնազդաբար օգնության է կանչում նրանց, ում միջոցով մեկ տարի առաջ փողոցներ էր փակում: Կառավարության ղեկավարը: Ինչպե՞ս սա կարելի է հասկանալ:

Եթե կային այն համակարգային խնդիրները, որոնց մասին վարչապետը խոսեց իր հայտարարության մեջ, ապա դրանց լուծմամբ պետք էր զբաղվել վաղուց օրինական ճանապարհներով: Այլապես ստացվում է` քանի դեռ դատավորները ղեկավարվում են, այսպես ասած, ուղեծրի զգացողությամբ և կայացնում են որոշումներ, որոնք տեղավորվում են իշխանությունների ծրագրերում, ապա նրանք անկախ են և որևէ ճնշումների չեն ենթարկվում, իսկ առաջին իսկ անբարենպաստ որոշման դեպքում նրանք դառնում են կոռումպացված և այլն, և այլն: Ի դեպ, խնդիրը բոլորովին էլ դատավորի կայացրած որոշման արդար կամ անարդար լինելը չէ:

Խնդիրն այդ դատավարական ներկայացումների իրական բովանդակության մեջ է: Որքա՞ն է արդարացված դրանք որպես գերնպատակ ներկայացնելն ու իշխանական բոլոր ուժերը դրանց վրա բևեռելը:

Այն ձևաչափով, որով մեզ մոտ ընթանում են այդ դատավարությունները, եթե անգամ դրանք ավարտվեն էլ, որոշվեն մեղավորներն ու սահմանվեն համապատասխան պատիժներ, արդյոք դա կնշանակի՞ տվյալ պրոցեսի ավարտը: «Վերականգնված արդարության» դրույթի գործողության ժամկետը կարող է ձգվել մինչև իշխանափոխություն: Իսկ դրան կարող են հաջորդել «իրական արդարության» նոր որոնումներ` նոր դատավարություններով ու ձերբակալություններով: Իսկ որ դրա «կարիքը» կլինի, և նորից ծայր առած գործընթացները կարելի է մեկնաբանել հակառակ ծայրից ու հակառակ նշանով, նույնպես հնարավոր է: 

Եվ այդպես մենք կհայտնվենք պերմանենտ դատավարությունների մեջ: Եվ այդ ամենը մեր երեսնամյա անկախության միայն մի դրվագի պատճառով: Հենց միայն այդ դրվագն ընտրելու մասին այս իշխանության պատճառաբանությունները հիմնավոր չի կարելի համարել, ընդ որում որպես սահմանադրական կարգը տապալելու փորձ: 

Մարդկայնորեն շատ ավելի հասկանալի և ընդունելի է մարդկային զոհերի պատճառ դարձած հանգամանքների բացահայտման նպատակը: Ինչու: Որովհետև եթե նպատակ կա՝ հասկանալ, մեկնաբանել և իրավական տեսանկյունից գնահատել մեր անկախ պետականության կենսագրության առավել կորստաբեր դրվագները, ապա դրանք բազմաթիվ են, բազմաբնույթ և սկսվում են հենց ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանից: 

Մի՞թե պակաս կորստաբեր էին մութ ու ցուրտ տարիները, երբ խորհրդային կեցությանը սովոր, ջեռուցման ու լուսավորության խնդիր չտեսած մարդիկ հացի փռերի առաջ օրերով խմորի հերթ էին կանգնում և մի տասը կիլոմետր էլ ոտքով հետադարձ ճանապարհ կտրում այն տուն հասցնելու համար: Մի՞թե պակաս կարևոր էր հասկանալ այն դրդապատճառներն ու շահագրգռությունները, որոնք մեր նորաթուխ իշխանություններին թույլ տվեցին մետաղի ջարդոնի վերածել հետխորհրդային ողջ արդյունաբերական հզորությունը: Մի՞թե կարիք չկա հասկանալ այն մարդկանց մոտիվացիան, որոնք կազմակերպեցին այդ խայտառակ թալանը: Ինչու՞ չպարզել, քանի դեռ ներկա են այդ գործի կազմակերպիչները: 

Մի՞թե պակաս կարևոր են հոկտեմբերի 27-ի իրադարձությունների բացահայտումը, դրա հանգամանքների վերաբերյալ վարկածների շրջանառությանը վերջ տալու և երկրի ներսում, բարձրագույն իշխանության մեջ դավաճանություն գործածներին հայտնաբերելն ու անվանելը, ինչը մեր կարծիքով հենց երկրի սահմանադրական կարգի տապալման իրական փորձ էր: 

Մի՞թե կարիք չկա քննելու և հասկանալու, թե որոնք էին այն պատճառները, որ ստիպեցին հարյուրհազարավոր մեր հայրենակիցներին լքելու իրենց հայրենիքը՝ աշխատանք և ապրուստ գտնելու հույսով: 

Մենք արդեն հարյուր տարի չենք կարողանում հաղթահարել զոհի բարդույթը և երախտագիտության խոսքեր չենք խնայում այն երկրի իշխանության հասցեին, որը հերթական անգամ մեր թշնամուն եղեռնագործ է անվանում:

Մի՞թե այս սպիտակ եղեռնի հետևանքները մեր ազգի ու երկրի համար պակաս կորստաբեր են լինելու: Ինչու՞ չհասկանանք և իրավական գնահատական չտանք մեր երկրի ղեկավարների գործունեությանը, որոնց իշխանավարության տարիներին անշեղորեն իրականացվեց այդ արհավիրքը՝ առաջինից մինչև երրորդ նախագահները ներառյալ: 

Մի՞թե իրավական գնահատականի կարիք չունի այն ապաշնորհ իշխանավարությունը, երբ այլասերված տնտեսական հարաբերությունների, մենաշնորհների, կոռուպցիայի, պետական ու մասնավոր շահերի ու դրանց հետապնդման ճանապարհների միախառնման հաշվին բնակչությունն ամբողջովին ունեզրկվեց, հասարակությունը ծայրահեղ բևեռացվեց, և մի ողջ երկիր, կարելի է ասել, վերածվեց մի մարդու «գրասենյակի»: 

Վերջապես, մի՞թե Փաշինյանը կարծում է, թե ոչ բարենպաստ իշխանափոխությունից հետո հնարավոր չի դառնա «ոչ բռնի, թավշյա… հեղափոխությունը» այլ կերպ որակել, ասենք՝ որպես սահմանադրական կարգի տապալում: Ո՞վ կարող է բացառել: 
Արդյունքում ի՞նչ կունենանք: Անընդհատ դատավարություններ, որոնք ոչ մի ստեղծարար արդյունք չեն տա, ընդհակառակը՝ կհյուծեն մեր պետականությունը, վերջնականորեն կջլատեն հասարակությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր