10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, որտեղ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնին հանձնարարվել է դրանում ներկայացված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով նախապատրաստել նյութեր։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ՍՊ ընկերությանը հատկացվել է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն` 7.5 տարի ժամկետով, ինչպես նաև լեռնահատկացման ակտ` 133,6 հա մակերեսով հողատարածքում Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման համար։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով, սակայն, պարզվել է, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։
2017թ․ տվյալ ՍՊ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին:
Նկատի ունենալով, որ նախապտրասված նյութերում առկա են ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրին էական վնաս հասցնելով ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով ընդերքի օգտագործան, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիզորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:
Տպել