17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

28 հուն 2019 15:54

Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը: Հայտնում է armtimes.com-ը։
Մեր զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն չասացին, թե նա ինչ կասկածանքով է բերման ենթարկվել:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Բոգոյի անունը շոշափվում է մի շարք աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես, ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երևան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:
Բացի վերը նշվածից, դեռևս նախորդ տարվա հուլիսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոստանյանի գործողություններից տուժած մի քաղաքացի պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել: Դրանից հետո Բոգոյին, նրա որդուն և քենակալին մեղադրանք է առաջադրվել:
Կոստանյանի հետ է առնչվում նաև «Երկու ընկեր» ՍՊԸ-ն, որը Կենտրոնական եւ Հյուսիսային ավտոկայաններից պետք է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնի դեպի Վրաստան, սակայն ընդամենը 1 տեղից է իրականացնում, մյուս տեղում չթույլատրելով այլ կազմակերպությունների իրականացնել: Նա երկար տարիներ հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում սեփական սենյակ և հյուրանոց կառուցելով՝ պետական շինության ներսում, սակայն ամիսներ առաջ նրան ոստիկանների միջամտությամբ հեռացրին շենքից և այժմ ավտոկայանի շենքից ոչ հեռու իրեն պատկանող սրճարանում է հանգրվանել:
Քրեական հեղինակություն Բոգոն գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է և գործարար Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր