Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

29 հուն 2019 10:45

Բաքուն հասկացնում է՝ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը.«Փաստ»

«Ադրբեջանի արտաքին քաղաքական գե­րատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայ­տարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկա­յացրել են այն փաստաթղթերը, որոնք նախ­կինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զոր­քերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտ­ված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:

Բաքվի նման հռետորաբանությունն ամե­նևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածա­բար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագ­ներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյա­րովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանա­լի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնու­թյան չեն եկել:
Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչ­քով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ մի­ջազգային հանրությանն, ըստ էության, հաս­կացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակ­նարկով, ապա Ադրբեջանի նախագահն ար­տահայտվում է անհամեմատ ոչ դիվանագի­տական լեզվով:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:
Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զի­նադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գոր­ծառույթների, ինչպիսին են, օրինակ, զինա­դադարի խախտման հետաքննության մե­խանիզմները և այդ մոնիտորինգի կարողու­թյունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովան­դակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նա­խարարի պատասխանն այնքան էլ համար­ժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր