Աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում. Միջնորդեցին վերացնել Մանվել Գրիգորյանի ընկերության գույքի վրա դրված կալանքը
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա միջնորդեց վերացնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը։
Ըստ պաշտպանի՝ արգելանքի արդյունքում պարալիզացվել է ընկերության աշխատանքը, կասեցվել է նրա գործունեությունը, արդյունքում չեն կարողանում վճարել առաջացած հարկային պարտավորությունները, չի վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, չի վճարվում սպասարկման կումունալ վարձերը և առհասարակ ընկերությունը վնասներ է կրում։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց միջնորդությունը քննարկել պատշաճ ընթացակարգով։
Ըստ նրա՝ միջնորդությունն ուղղակիորեն առնչվում է որոշակի ապացույցների հետազոտմանը և առանց ամբաստանյալի մասնակցության, հնարավոր չէ այդ հարցը քննել։
Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով այսօր չէր ներկայացվել դատարան։