«Իսլամական պետությունը» Թուրքիային և Էրդողանին սպառնացող տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորումը Թուրքիային ուղղված սպառնալիքներով լի տեսանյութ է հրապարակել։
Հուլիսի 10-ին հրապարակված 5 րոպե 2 վայրկյան տևողությամբ տեսանյութում խմբավորման ներկայացուցիչը խոսում է թուրքերեն և սպառնալիքներ հնչեցնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Թուրքիայի հասցեին։ Նա մասնավորապես զգուշացնում է Էրդողանին, որ իրենց զինվորների սրերը հեռու չեն Էրդողանի երկրից և «Իսլամական պետության» պայքարը «հանուն կրոնի» շարունակվելու է։
Տեսանյութի հեղինակը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը կարծում է, թե թուլացրել է «Իսլամական պետության» դիրքերը և իրենք պետք է հանձնվեն, ապա չարաչար սխալվում է։
Տեսահոլովակում նկարահանվել է IŞİD-ի հինգ անդամ։ Նրանցից մեկի՝ թուրքերեն խոսողի անունը, ըստ տեսանյութի, Էբու Քաթադա էլ Թուրքի է։
Տեսանյութի վերջում ահաբեկիչները հաստատել են իրենց հավատարմությունը IŞİD-ի առաջնորդ Էբուբեքիր ալ Բաղդադիին: