Երեխայի զարգացման համար չափազանց կարևոր է նրա մոր երգած օրորոցայինը
Հուլիսի
10-ին «Ականջդ օրոր կանչի» խորագրով սեմինար-քննարկումը ազգագրագետի, հոգեբանի ու երգչուհու
հետ բազմաթիվ մայրիկների էր բերել Լոֆթ:
«ԳիՀԻ»
գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր, ազգագրագետ և հոգեբան Լիլիթ Սիմոնյանը
և նույն կենտրոնի հոգեբան, թրեյնինգավար Լիլիթ Մանուկյանը
երեկոյի ընթքացքում ներկայացրին հայոց օրորոցային երգերը, դրանց նշանակությունն ու
խորհրդանիշները, իսկ երգչուհի Անուշ Արշակյանն իր գեղեցիկ կատարումներով հնչեցրեց շատ
գեղեցիկ օրորոցայիններ:
Երեխայի
դաստիարակությունը սկսվում է վաղ մանկությունից: Ու երեխայի հետ աշխարհի ծանոթացումը
կատարվում է օրորոցայինների միջոցով: Դրանք այն առաջին պատմությունները, հեքիաթներն
են, որով երեխան սկսում է ճանաչել աշխարհն ու այն միջավայրը, որտեղ ծնվել է:
«Ինչպիսի՞
լեզվով կարելի է խոսել դեռևս չծնված երեխայի հետ, ի՞նչ է զգում երեխան, երբ դեռ գտնում
է մոր արգանդում, ի՞նչ է զգում երեխան, երբ նոր է ծնվել: Սրանք դժվար է բացատրել: Բայց
խոսքի, փաղաքշանքի, օրորոցայինների միջոցով մայրը կարողանում է կոնտակտ, կապ հաստատել
երեխայի հետ: Երեխայի ու մոր այդ զրույցը, որտեղ մայրը խոսում կամ երգում է, իսկ երեխան
լսում է, այն կապն է, որ միավորվում են երեխայի ու մոր տիեզերքները: Մենք պետք է հասկանանք,
որ կա մի հարթություն, որտեղ անգամ դեռ չծնված կամ նոր ծնված երեխան հենց այդ կապի
միջոցով է կարողանում է հասկանալ մեր քաղաքակրթությունը, սկսում է ծանոթանալ դրա հետ»,-
սեմինարի սկզբում ասաց Լիլիթ Սիմոնյանը:
Մեր
օրերում շատ մայրիկներ օրորոցայինները չեն երգում իրենց երեխաների համար, լավագույն
դեպքում միացնում են գեղեցիկ երաժշտություն կամ որևէ մեկի կողմից կատարվող օրորոցայիններ,
ինչը մայր- երեխա կապի ամրապնդմանը չի նպաստում:
Ազգագրագետ
Լիլիթ Սիմոնյանի խոսքով՝ մեզ հասած ու գրառված օրորոցայինների մեջ կան բարբառային բառեր,
որոնց իմաստը չեն հասկանում ծնողները և գուցե հենց այդ պատճառով է, որ միայն մեղեդին
են հնչեցնում: Լիլիթ Սիմոնյանն խոսքով՝ ժամանակակից մարդու համար հաճախ անհասնալի են
օրորոցայինների տեքստերը՝ թե ինչու պետք է քամին օրորի երեխային կամ եղնիկը կերակրի
նրան, ինչու է մայրը կանչում երկնային մարիններին՝ արևին, լուսնին, աստղերին, որ գան
ու քնեցնեն իր զավակին, երբ հենց մայրը պետք է օրորի ու քնեցնի երեխային:
«Մի
ավանդազրույց կա, ըստ որի մի չխոսկան կին է լինում, երկար ճանապարհ գնալիս ծննդաբերում
է մի թփի տակ ու ամաչում է իր ուղեկիցներին՝ ամուսնուն, սկեսրայրին, ասել այդ մասին:
Տանը նա սկսում է մի տխուր երգ երգել և խնդրում է, որ քամին իր զավակին օրորի, եղնիկը
նրան ծիծ տա: Ընտանիքի անդամներն այդ երգից են իմանում, որ երեխան ծնվել է ու գնում
են նրան տուն բերում: Իրականում հայկական մշակույթը շատ խորն է և բարդ: Այս ու նման
պատմությունները հասկանալու համար պետք է խորամուխ լինել այդ մշակույթի շերտերի մեջ»,-
պատմեց Լիլիթ Սիմոնյանը:- «Հետաքրքիր է, որ բոլոր հերոսները՝ ոչ սովորական մարդիկ,
ծնվում կամ մեծանում են ոչ սովորական ձևով: Օրինակ՝ հիշեք Մովսեսին, ում դրեցին զամբյուղի
մեջ, գցեցին ջուրը… Կան հերոսներ, ում կերարկում են վայրի կենդանիները, օրինակ՝ եղնիկները:
Լինում են նաև այնպիսի հերոսներ, ինչպես Կյուրոս թագավորը, հռոմի հիմնադիր եղբայրներ
Հռոմուլոսը և Հռեմոսը, որոնց կերակրում են անգամ գայլերը: Այ, հենց հերոսի մոտիվն է,
որ գալիս հայտնվում է օրորոցայինների մեջ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մայրն ուզում
է իր երեխային հերոս տեսնել, հերոս մեծացնել: Եվ հենց օրորոցայինների մեջ իր երեխային
առանձնացնում է ուրիշ երեխաներից, որ նա սովորական չի, որ բնությունից է դուրս եկել
և և պետք է հերոսի նման ու հերոս մեծանա»:
Լիլիթ
Սիմոնյանը բացատրեց, որ հերոս մեծացնելու մոտիվացիան երևում է նաև այն հատվածներում,
որտեղ մայրը երեխային ոսկե օրորոցում ու մետաքսե շապիկով է նկարագրում:
«Թվում
է, թե ի՞նչ կապ ունի գյուղում մեծացող երեխան ոսկե օրորոցի հետ, որտեղի՞ց այղ աղքատ
գյուղացուն մետաքսե հագուստ: Այս տեսարաններն էլ հասկանալու համար մենք պետք է գնանք
մեր մշակույթի խորքերը, մեր առասպելներն ու հեքիաթները, որտեղ արքայազուններին գտնում
ենք ոսկե օրորոցներում՝ մետաքսե շապիկներով: Սրանք թագավորական խորհրդանիշներ են և
մայրն իր զավակին մեծարում է որպես արքայի»:
Քանի
որ օրորոցայինները երգվում էին, ժողովուրդը դրանց որոշակի ծիսական նշանակություն էր
տալիս, ինչի շնորհիվ էլ երգերի մեջ բազմաթիվ բարեմաղթանքներ ու օրհնություններ ենք
հանդիպում:
Օրորոցայինների
մասին խոսելու և դրանք մայրերի համար բացատրելու գաղափարը ծնվել է Անուշ Արշակյանի
ու Լիլիթ Սիմոնյանի զրույցի ընթացքում: Նրանք ընտրել են օրորոցայինները երգով ու բացատրելով
ներկայացնելու տարբերակը, որ հնարավորինս շատ օգտակար լինի մայրերի համար:
Հոգեբան
Լիլիթ Մանուկյանը կարծիքով նման սեմինարները, զրույցները հնարավորություն կտան առօրյա
վազքից կտրվել և զինվել ազգային հետաքրքիր ընկալումներով: «Նպատակը մի գեղեցիկ միջոցառման
շուրջ միավորելն է ազգագրությունը, հոգեբանությունը և այդ երկուսի կիզակետում ունենալ
ուժեղ և ռեսուրսներով լի ծնողի կերպար»,- ասաց Լիլիթ Մանուկյանը և հավելեց, որ մասնակիցները
հնարավորություն կունենան այնպիսի մի հոգեվիճակի մեջ գտնվել, որ դա իրենց կլցնի:
ԳիՀԻ-ն
յունգյան անալիտիկ հոգեբանության և հայագիտական մի շարք բնագավառների ուսուցման և գործնական
պարապմունքների, նաև գիտական հետազոտությունների կենտրոն է: 2019թ. մարտին այն հիմնադրել
են մի շարք հայագետներ ու հոգեբաններ՝ նպատակ ունենանալով միավորել հայագետների և հոգեբանների
աշխատանքը, նպաստել հայոց ոչ նյութական և նյութական մշակույթի պահպանության գործին,
ստեղծել վայր, որտեղ հայաստանաբնակ ցանկացած անձ կարող է գիտելիքներ ստանալ հայագիտության
և յունգյան հոգեբանության տարբեր ոլորտներում` անկախ տարիքից և մասնագիտությունից:
Միլենա
Մովսեսյան