ԱԺ-ում աշխատակազմից գաղտնի են պահվում իրենց աղմկահարույց փոփոխությունները, ումի՞ց են զգուշանում կամ լարվում. 168 ժամ
Ազգային ժողովում այս օրերին հախուռն տրամադրություններ են, լարված մթնոլորտ, ԱԺ աշխատակազմը հապճեպ փոփոխությունների պիտի ենթարկվի: Հեղափոխական իշխանությունը որոշել է երկրի օրենսդիր մարմնի կիսատ-պռատ կողմերը լրացնել՝ այնտեղ բարձր ինտելեկտի նոր հոսք ապահովելով:
Սա իշխող ուժի ցանկությունն է՝ վերաիմաստավորել ԱԺ աշխատակազմը ու նոր բովանդակություն հաղորդել աշխատանքներին:
Համենայնդեպս, վերակառուցման փոփոխություններն այսպես են մատուցվում ներսի ու դրսի ականջների համար, մի կողմից՝ նախաձեռնողականություն ցույց տալու, մյուս կողմից՝ ներքին ընդվզումները զսպելու նպատակով:
Իսկ առաջարկվող փոփոխությունը, որը «գիտակրթական կենտրոն» ճոռոմաբանության ենթատեքստում է մատուցվում, իրականում խիստ վտանգավոր մի քանի տարր է պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ հարյուր հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ արարողակարգային վարչությունով, քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:
Փոխարենը՝ առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ:
Կնշանակի՝ այս պետական բարձրագույն հաստատությունում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:
ԱԺ-ում գործատու-աշխատող իրավահարաբերություններն այլևս կդառնան ավելի պրոզաիկ ու խոցելի, որպեսզի էականորեն կրճատվի նաև պետության բեռը ՝ ծախսերի տեսանկյունից:
Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ: Նրանց վերապահված է լինելու օրենսդրական դաշտում ակտիվ փոփոխությունների փաթեթների մշակումը: Աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ: Ստացվում է՝ գիտակրթական կենտոնի վերածվող ԱԺ աշխատակազմն իրականում կիսով չափ եվրոպական աշխատակազմ է լինելու, կիսով չափ՝ հայկական: Վտանգը նրանում է, որ այս ամենի արդյունքում մի օր ԱԺ պատգամավորական կորպուսն իսկապես վերածվի լուռ, անհաղորդ կոճակ սեղմողների ակումբի:
Փաստորեն, սա է իշխանության հապճեպ ձգտումի ողջ իմաստը՝ իշխող ուժի պատգամավորների օրենսդիր գործառույթը դարձնել խիստ ֆորմալ՝ դակիչ ֆունկցիա:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը թեև արդեն գործարկման փուլում է, բայց այն հայտնի է միայն մի քանիսին։ Անցած շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, Արարատ Միրզոյանի նախագահությամբ՝ ԱԺ-ում փակ քննարկվել և հաստատվել է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը վերակառուցելու նախագիծը:
Այսպիսով՝ գործող 8 վարչություններից 3-ը խնայվել են՝ կգործեն ամբողջական կազմով, մյուս հինգը վերանվանվել են կամ լուծարվել:
Ընդունված որոշման համաձայն՝ իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձևավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության և վերլուծության վարչություն» անունով։ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն։
Հարվածի տակ են ընկել վերակազմավորված վարչությունների աշխատակիցները՝ թվով 230 պետծառայող ու նույնքան տեխնիկական աշխատող: Փաստորեն, հապճեպ որոշումով նրանք կամ կրճատվել են, կամ ստիպված են լինելու վերաատեստավորում անցնել: Նշենք, որ հուլիսի 13-ին ԱԺ նախագահի կողմից ստորագրված և փաստացի արդեն իսկ ուժի մեջ մտած նոր հաստիքացուցակն ու անվանացանկը մինչ այս պահը չի հրամցվել աշխատակազմին: Մարդիկ տարակուսած են, փսփսոցով միմյանց են հարց ու փորձ անում, որ քայլերի հաջորդականությունը որոշեն:
Երկրի կարևորագույն ինտիտուտում՝ Օրենսդիր մարմնում, այսօր բացահայտ կերպով մարդկանց իրավունքներ են խախտվում: Խնդիր է դրված՝ կրճատել ԱԺ պահպանման ծախսերը, ընդ որում՝ այդ գործառույթն իրականացնել նվազագույն ծախսերով: Օրինակ՝ չծանուցելով և արձակման նպաստներից խուսափելու միջոցով, սա՝ տեխնիկական աշխատակազմի դեպքում, իսկ պետծառայողների պարագայում վերանվանված վարչություններում կկրճատվեն հաստիքներ, մնացողներին կառաջարկվեն պաշտոններ, եթե 15-օրյա ժամկետում վերանշանակումը չի արվում, հաջորդ քայլը մրցույթի անցկացումն է տեղի համար, այս դեպքում ճարահատյալ պայքարողներ կլինեն, եթե չհաստատվեն, ապա կկորցնեն նաև 6 ամիս կադրային ռեզերվում մնալու և վերջին դրույքի չափով վճարվելու հնարավորությունը:
«Մեզ ստրկացնում են, օրենքով նախատեսված ծանուցումներն արված չեն մինչ այս պահը, հանրային իրազեկումն արվել է ձևական՝ ընդամենը աշխատակազմի ղեկավարի ֆեյսբուքյան էջին թողարկած մի անորոշ տեքստով: Մտնում ենք ղեկավարի ընդունարան, ասում են՝ համբերեք, շուտով կիմանաք, ուզում ենք արձակուրդ գնալ, չգիտենք՝ ոնց անել»,- 168.am–ի հետ զրույցում կաշկանդված վիճակից բողոքում են ԱԺ աշխատակիցները:
Ի դեպ, վարկած կա, որ Արարատ Միրզոյանը ստորագրել է իրականում հրամանը միայն, նրան հավելվածը՝ հաստիքացուցակով և անվանացանկով, նույնիսկ չի էլ տրվել, քանի որ աղմկահարույց փոփոխությունները վերջնական չեն, դեռևս շտկումներ են արվում:
Աշխատակիցները տարակուսած են, թե այդ ինչի՞ց է վախենում ԱԺ ղեկավարությունը, ումի՞ց են զգուշանում կամ լարվում, որ գաղտնի են պահում փոփոխությունների ամբողջական պատկերը:
Առավել մանրամասն՝ 168 ժամ թերթի այսօրվա համարում: