«Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ
![](https://www.pastinfo.am/news_images/288/863969_1/suro.thumb.jpg)
Այսպես՝ հուլիսի 1-ին Ոստիկանությունը հայտնել էր, որ Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս մայրաքաղաքի Գալշոյան փողոցից Ոստիկանություն բերման են ենթարկել «օրենքով գող», Երեւանի 46-ամյա մի բնակչի։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ խոսքը «օրենքով գող» Սուրեն Լեննականցու՝ Սուրեն Ավետիսյանի մասին էր։ «Փաստինֆո»-ն դիմել էր Ոստիկանություն՝ հետաքրքրվելով, թե ինչ կասկածանքով է բերման ենթարկվել Սուրեն Ավետիսյանը, եւ նրա մասնակցությամբ դատավարական ինչ գործողություններ են իրականացվել։ Հարցրել էինք նաեւ, թե նրան բերման ենթարկելուն հիմք հանդիսացած տվյալների հիման վրա քրեական գործ հարուցվել է թե ոչ, եթե այո, ապա ինչ հոդվածով, իսկ եթե ոչ, ապա բերման ենթարկվելուց հետո արդյոք նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Իր պատասխանում Ոստիկանությունը ոչ հերքել, ոչ հաստատել է «օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկվելու մասին լուրերը` նշելով, որ առանց անձնական տվյալներ բացահայտելու հայտնում է, որ նմանատիպ օպերատիվ և պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ են անցկացվում նաև հիշյալ կատեգորիայի անձանց շրջանում. «ՀՀ ոստիկանությունն իր առջև դրված պարտականություններն իրականացնելիս օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելու և ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով իրականացնում է օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական բնույթի մի շարք միջոցառումներ, այդ թվում «օպերատիվ հարցում» ՕՀ միջոցառումը, որը կարող է իրակացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բացահայտ մեթոդներով։ Հանցագործությունները կանխելու և նախականխելու նպատակով ոստիկանությունն իր ամենաօրյա աշխատանքներում ներառում է նաև պրոֆիլակտիկ բնույթի միջոցառումների իրականացումը»։
Աղբյուր` Փաստինֆո