17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

22 հուլ 2019 10:20

Ադրբեջանական կողմը շարունակում է պատրաստվել պատերազմի սահմանի և շփման գծի բոլոր հատվածներում

«Առաջընթացի բացակայությունը ԼՂ հակամարտության բանակցային սեղանին մեծացնում է ռիսկերը սահմանին ու շփման գծում»,- այս մասին 168.am -իl հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Նախիջևանի ուղղությունից հայկական գյուղերի թիրախավորմանը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի բանակը կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել էր նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը:
«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասել էր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ:
Ելփինի գյուղապետը ևս խոսել էր իրավիճակից՝ ասելով, որ վերջին տասը տարվա ընթացքում Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներ չի հիշում։
Սկակովի խոսքով՝ այն հարաբերական անդորրը, որը կար ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին ամիսներին, կանխատեսելի էր, որ ժամանակավոր երևույթ է, այլապես կողմերից մեկը գոնե այս փուլում պետք է միակողմանի լուրջ զիջումների գնար։ Սակայն, նրա կարծիքով, այն ժամանակ ևս կանխատեսելի էր, որ նման բան տեղի չի ունենա։
«Ուստի սպասվում էր այն, ինչ միշտ է եղել շփման գծում՝ իրավիճակ, որը փխրուն է, վտանգավոր է, կախված է քաղաքական հայտարարություններից և իրադարձություններից։ Հեղափոխությունից հետո սկսվեց որոշակի դրական գործընթաց, քանի որ անձեր էին փոխվել, կային ակնկալիքներ, և այդ դրական գործընթացը, իմ գնահատմամբ, շարունակվեց որոշ ժամանակ իներցիոն կերպով՝ առանց դրա հիմքում առկա լուրջ բանակցային հաջողությունների և հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման։ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո առաջ մղվող Վիեննայի օրակարգը ևս, կարծում եմ, Ադրբեջանի սրտով չէ, որի վերաբերյալ բանաձևին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց վերջերս։
Ադրբեջանը դեմ է նման միջոցների տեղակայման շփման գծում։ Դրանք հաճախ համեմատում են Դուշանբեի պայմանավորվածությունների հետ, ինչն այնքան էլ տեղին չէ, քանի որ Դուշանբեում օպերատիվ կապի մասի պայմանավորվածություն էր ձեռք բերվել և դա, ըստ էության, դեռ չեղարկված չէ, բայց միջադեպեր տեղի են ունենում, և դա զսպող մեխանիզմ չէ, քանի որ միջադեպերը չեն արձանագրվում, պարզապես կողմերը կապի մեջ են, ինչը հնարավոր է միայն կողմերի միջև դրական մթնոլորտի առկայության պայմաններում։ Հակառակ դեպքում այդ կապը պարզապես չի աշխատում։ Ուստի Վիեննայի պայմանավորվածությունները, կարծում եմ, ավելի զսպող են, և խնդիրը ռազմական ուղով լուծելու պատրաստակամություն ունեցող կողմերը, բնականաբար, նման միջոցառումների չեն համաձայնի»,- ասաց նա։
Ալեքսանդր Սկակովի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը շարունակում է պատրաստվել պատերազմի սահմանի և շփման գծի բոլոր հատվածներում։ «Այս կրակոցները փաստում են այդ մասին, որ որևէ լարում չի շրջանցելու հայ-ադրբեջանական սահմանը, և դա հայկական կողմի համար անակնկալ չէ, քանի որ շատ ավելի վաղուց է ադրբեջանական կողմը սկսել ինժեներական աշխատանքներ իրականացնել սահմանի այս հատվածում, այդ մասին շատ է խոսվել վերջին տարիների ընթացքում»,- ասաց Սկակովը։
Թե ինչ զարգացումներ են սպասվում բանակցային սեղանին առաջիկայում, Սկակովը նշեց, որ բանակցություններից սպասվող արդյունքները գնալով ավելի անհետաքրքիր են տեղեկատվական տեսանկյունից, քանի որ որևէ նորություն, որևէ պայմանավորվածության, առաջընթացի մասին տեղեկատվություն չեն պարունակում բացառությամբ մեկ հումանիտար միջոցառման, որն իրականացվեց վերջերս։
«Բայց ես ավելի վաղ ևս նշել եմ, որ դա կայուն առաջընթաց ապահովող պայմանավորվածություն չէ և չի վերաբերում բուն բանակցություններին։ Իսկ բուն բանակցությունների վերաբերյալ կողմերն ունեն իրենց կարծր դիրքորոշումները, չկա զիջման որևէ քաղաքական կամք, հետևաբար՝ մեծ ռիսկեր կան սահմանին ու շփման գծում»,- նկատեց նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր