18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

22 հուլ 2019 12:49

Տեսանյութ.Ռազմական անակնկալներ են լինելու. Նախիջևանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն

Հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի որոշ ուղղություններում վերահսկելի լարվածություն կա, քանի որ երկու կողմերից էլ ինժեներական աշխատանքների փորձեր են կատարվում։ Առաջնագծի իրավիճակի մասին այսօր տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս դեպքում, ըստ Տոնոյանի, անհանգստանալու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցները, ըստ նախարարի, եղել են ոչ թիրախային։ «Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել։ Նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն այդպիսի դեպքերը», – ասաց Տոնոյանը՝ որպես հարևան նկատի ունենալով Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Տոնոյանը բացատրեց նաև, թե ինչպես է տեղի ունենում այդ կապի հաստատումը։ Երբ դեպք է լինում, ըստ Տոնոյանի, հայկական կողմից կապվում են ադրբեջանական կողմի հետ ու հայտնում միջադեպի մասին, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ «Այսինքն՝ նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է», – ասաց Տոնոյանը։ 
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ հուլիսի 20-ին ճակատի շրջանում հրազենային վնասվածք ստացած զինծառայողի մահվան դեպքին.
«Ցանկացած զինծառայողի, ցանկացած գործընկերոջ մահը անվերականգնելի է և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ես կարող եմ այս պահին ասել, որ զինվորների շրջանում մահացությունների թվի որոշակի նվազում ունենք, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի վիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են»,- նշեց նախարարը՝ չցանկանալով մանրամասներ հաղորդել (իրականացվում է նախաքննություն):
Նախարարը նաև նշեց, որ սահմանի որոշ մասերում կա վերահսկելի լարվածություն, բայց անհանգստանալու խնդիր չկա:
Նախարարը չցանկացավ փակագծեր բացել, թե առաջիկայում ինչ նոր սպառազինություններ է նախատեսվում ձեռք բերել, սակայն նշեց. «Ռազմական անակնկալներ են լինելու»:
Անդրադառնալով ռազմական կրթություն ստացող երիտասարդներին՝ ասաց՝ շատ կցանկանար, որ ոլորտում շրջանավարտներն ավելի շատ լինեին. «Հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է: Հիմա փոփոխություն է իրականացվում այդ ոլորտում»,- ասաց Տոնյանը՝ օրինակ բերելով «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակներում, նախարարի խոսքով, պետությունը կունենա կիրթ, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր և ֆիզիկապես պատրաստ երիտասարդներ: Նախարարը հույս հայտնեց, որ վերոնշյալ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների տասը տոկոսը կմնա զինվորական շարքերում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր