Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 օգոս 2019 16:51

Հինգ դրական փոփոխություն, որը բերել է Փաշինյանի կառավարությունը

Արդեն մեկ տարուց ավել է՝  ինչ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը։ Մեկ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ բացթողումներ, որոնց անդրադարձել և քննադատել են։ Մեկ տարվա ընթացքում իշխանություններն, իհարկե, ունեցել են նաև հաջողություններ, որոնց մասին ևս անհրաժեշտ է խոսել։ Առաջիկա մեկ ամսում մենք փորձելու ենք ամփոփել նոր իշխանության մեկ տարին։ Մեր այս առաջին հրապարակմամբ փորձենք առանձնացնել 5 կարևոր փոփոխություն և առաջընթաց, որն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։ 
Առաջին էական փոփոխությունն,  իհարկե, երկրի ներքին կյանքի լճացման վերացումն է, իշխանությունների անպարտելիության և հավերժության գաղափարի վերացումը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախկին ՀՀԿ-ական իշխանությունները՝ ի հեճուկս երկրում առկա իրողությունների, փորձում էին հավերժացնել մեկ անձի իշխանությունը։ Ինչ-որ պահի թվում էր, թե դա արդեն իրողություն է, բայց շնորհիվ 2018 թվականի ապրիլյան զարգացումների՝  հասարակությունը ցույց տվեց, որ չի հանդուրժելու լճացում։ Սա կարևոր փոփոխություն էր, որը պետք է հասկանան նաև գործող իշխանությունները և չփորձեն հայտարարություններ անել, թե իրենց իշխանությունը եկել է 40 տարով։
Երկրորդ դրական փոփոխությունը կարելի է նկատել երկրի տնտեսական կյանքում։ Հիմա էլ, իհարկե, կան մոնոպոլիաներ, բայց չկան իշխանության հովանավորությունը վայելող գործարարներ, որոնք սեփականցնում են տնտեսության այս կամ այն ճյուղը։ Այս պահին տնտեսության համար խնդրահարույց է արտաքին ներդրումների ծավալների փոքր լինելը, բայց սա շտկելի խնդիր է, եթե իհարկե իշխանությունները փոխեն իրենց մոտեցումը խոշոր բիզնեսի մասով և հնարավոր օրինական բոլոր միջոցներով սատար կանգնեն տնտեսական կյանքի մասնակիցներին, եթե անգամ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ։ Իշխանությունը պետք է հրաժարվի իր այն փիլիսոփայությունից, ըստ որի՝  նախկին իշխանության հետ կապված բոլոր գործարարները հանցագործ են։
Երրորդ կարևոր փոփոխությունը արձանագրվել է առողջապահության ոլորտում։ Նախարար Արսեն Թորոսյանին և կառավարությանը հաջողվել է ոլորոտի փիլիսոփայությունը փոխող քայլեր իրականացնել։ Իշխանությունները փորձում են առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել հասարակության սոցիալական տարբեր շերտերի համար։ Այս փոփոխությունների արդյուքը պետք է համարել սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային անվճար բուժօգնությունը, չարորակ ուռուցքների վիրահատության անվճար իրականացումը։
Չորորդ կարևոր փոփոխությունը պետական միջոցների առավել արդյունավետ ծախսն է։ Ուռճացված պետական ապարատի կրճատումը։ Պետական ապարատի կրճատումը թեև առաջ է բերում նաև գործազրկության խնդիր, բայց ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում դա հնարավոր է հասցնել նվազագույնի։ Պետական միջոցների առավել արդյունավետ ծախսի շնորհիվ այս տարի ավելի քան 330 կիլոմետր ճանապարհ է նորոգվելու։ Նախկինում էլ ճանապարհներ նորոգվում էին, բայց այս տարվա ծավալները իրապես տպավորիչ են։ Կարևոր է նաև, որ նորգվում են մարզային ճանապարհները, տուրիստական կենտրոններ տանող ճանապարհները։ Որակի հետ կապված  կան որոշակի խնդիրներ, որը միանշանակ  պետք է շտկվի։
Հինգերորդ կարևոր փոփոխությունը, մեր գնահատմամբ, լրատվամիջոցների (հասարակական կարծիքի) դերի բարձրացումն է։ Իհարկե, շատերը կարող են նկատել, որ հիմա առավել շատ են ֆեյքային հարձակումները, դատական հայցերը լրատվամիջոցների դեմ, միայն մեր լրատվամիջոցի դեմ կա երկու հայց և մեկ հանցագործության մասին հաղորդում։ Իրականում հենց այս պրոցեսն էլ ապացուցում է, որ լրատվամիջոցների դերը մեծացել է։ Նախկինում տարբեր չինովնիկների մասին ամենաաղմկոտ հրապարակումները մնում էին անհետևանք: Ամենավառ օրինակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող օֆշորային սկանդալն էր, իսկ հիմա լրատվամիջոցի ամեն հրապարակում ազդեցիկ է՝ իշխանությունները իրականում հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ։ Միայն մեր հրապարակումների հիման վրա չորս պաշտոնակություն է տեղի ունեցել, այդ թվում՝  ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի և վարչապետի խորհրդականի։
Ահա սրանք էին այն հիմանական փոփոխությունները, որոնք բերել է նոր իշխանությունը իր հետ այս մեկ տարվա ընթացքում։ Դրանք իհարկե 100-ը  չեն, ինչպես գովերգում են իշխանության ներկայացուցիչները, բայց նաև ամբողջապես չեն էլ բացակայում, ինչպես գուժում են ծայրահեղ ընդդիմադիրները։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր