Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 օգոս 2019 15:03

Ինչո՞ւ են տուգանել Վահե Տեր-Մինասյանին եւ ինչո՞ւ չեն տուգանել մյուս բժիշկներին, որոնք խոսում են Գարդասիլի մասին

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է այն պատճառով, որ հեռուստահաղորդման ժամանակ պատմել է բժշկի դեղատոմսով բաց թողնվող դեղի մասին, իսկ դա օրենքին հակասում է: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ այս գործը քննել են առավելագույնս բազմակողմանի, եւ վերջիվերջո՝ օրենքով թելադրված որոշում է ընդունվել: Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանում այսպիսի նախադեպ դեռեւս չի եղել. այստեղ դեռեւս մեծ թվով օրենքներ կան, որոնք մնում են միայն թղթի վրա եւ գործնականում չեն կիրառվում: Հնարավոր է՝ ժամանակն է սկսել դրանց կիրառումը կամ էլ դրանք վերանայել, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Խուրշուդյանը նաեւ նշեց, որ ինքը առողջապահության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնող շատ ծանոթներ ունի, որոնց նույնպես տուգանել են այս կամ այն խախտման համար, սակայն նրանց արձագանքը ադեկվատ է եղել:
«Նրանք հասկանում էին, որ եթե օրենքը խախտել են, պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն»,- ասաց Խուրշուդյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են Գարդասիլի «գովազդի» համար տուգանել միայն բժիշկ Վահե Տեր-Մինասյանին, չնայած այս պատվաստանյութի մասին մշտապես խոսում են նաեւ այլ բժիշկներ, Խուրշուդյանը նշեց, որ բողոք է ստացվել միայն Տեր-Մինասյանի առնչությամբ, եւ եթե բողոքներ լինեն նաեւ այլ բժիշկների վերաբերյալ, դրանք կքննվեն:
Ի պատասխան Գեւորգ Գրիգորյանի եւ Մարինա Խաչատրյանի, որոնք, ըստ էության, հենց Տեր-Մինասյանի վերաբերյալ բողոքի հեղինակներն են, եւ նրանց դեմ գործի մասին հարցին, Խուրշուդյանը նշեց. «Ինչ վերաբերում է Գեւորգ Գրիգորյանին եւ Մարինա Խաչատրյանին, ապա մենք դիմում ենք ստացել նաեւ նրանց վերաբերյալ, եւ եթե պարզվի, որ իրենք նույնպես օրենքը խախտել են, նրանք նույնպես պատասխանատվության կենթարկվեն, այս հարցում երկրորդ կարծիք չի կարող լինել»:
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին վերջերս մեղադրել էին պատվաստման հակաքարոզչության մեջ: Այս թեմային անդրադառնալով՝ տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ իր գործընկերները կապ են հաստատել պոլիկլինիկաների տնօրենների հետ եւ նրանցից գրավոր ու բանավոր հաստատում ստացել, որ իրենց մոտ ոչ ոք հակապատվաստումային քարոզչություն չի անցկացրել:
 Հակառակը՝ մի շարք գործերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները նշել են պատվաստանյութի ընդգրկման նվազում եւ պոլիկլինիկաների ղեկավարներին կոչ են արել հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ստանան պատվաստում եւ վարակիչ հիվանդություններից պաշտպանված լինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր