Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

30 օգոս 2019 14:47

Վարչապետի մոտ կասկած հարուցեց Քննչական կոմիտեի նամակը. վարչապետը տեղյակ չէր ՔԿ-ի նամակից

Հայկական կողմի և «Էլարդ» ընկերության փորձագետների միջև տեսակապով քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ «Էլարդի» փորձագետները «Լիդիան» ընկերության կողմից նախատեսված 10 մեղղման միջոցառումներ չեն նկատել: Այդ միջոցառումների առկայության մասին, հիշեցնենք, հայտարարել էր Քննչական կոմիտեն՝ նշելով, որ փորձագետները հանքավայրի շահագործման դեպքում ռիսկերը նվազեցնելու համար 16 մեղմման միջոցառումներ են առաջարկում, որից 10-ն արդեն «Լիդիանը» նախատեսել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչպե՞ս է պատահել, որ կոմիտեն 16 մեղմման միջոցառումներից 10-ը տեսել է, իսկ «Էլարդի» մասնագետները՝ ոչ:
«Էլարդի» փորձագետ Նիդալ Ռաբահն ասաց, որ պատկերացում չունի անգամ, թե ինչ 10 միջոցառման մասին է խոսքը: «Մենք համաձայն չենք նրան, որ առաջարկվող ՇՄԱԳ-ի մեջ մեղմման միջոցները բավարար են կամ ադեկվատ: Մենք ասում ենք, որ իրենց առաջարակած մաքրման նախագիծն ու միջոցառումներն անբավարար են տվյալ փուլում: Տվյալ փուլում նրանք առաջարկում են պասիվ մաքրում, բայց մեր կարծիքով հանքի շահագործման փուլում պասիվ մաքրումը բավարար չի լինի»,- ասաց փորձագետը:
Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ ուզում է  վստահեցնել՝ իրենք անկողմնակալ ու անաչառ են: «Մենք երկու կողմերին էլ հնարավորություն ենք տվել խոսել, Լիդիանին նաև ներգրավել ենք փորձաքննության մեջ, որտեղ գիտական դիսկուրս է ծավալվել: Մենք հետևել ենք այս դիսկուրսին և վերլուծել: Նախ և առաջ Լիդիանը պարտավորվել է իրականացնել ճկուն քաղաքականոթյուն: Դա նշանակում է, որ եթե ես որևէ փուլում տեսնեմ, որ իմ կողմից կիրառվող միջոցառումն անարդյունավետ է, պատավորվում եմ այն փոխարինել մեկ այլ միջոցառմամբ: Այս դիսկուրսների վերլուծության արդյունքում, այո, մենք ասում ենք, որ այս 10 միջոցառումն իրենք անում են և պարտավորվում են, եթե սա իրեն չարդարացնի, ճկուն քաղաքականության շրջանակներում այն փոխարինել այլ միջոցառումներով»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Նաև քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեն է «Էլարդի» մասնագետներին խնդրել լրացուցիչ մեղմման միջոցառումների մասին եզրակացություն գրել: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկման ժամանակ հարց ուղղեց «Էլարդի» մասնագետներին, թե այդ մասին հուշագիր կազմելու առաջարկը որտեղի՞ց է եկել, քանի որ կառավարության առաջադրանքի մեջ դա ներառված չէ: Ըստ նախարարի՝ «Էլարդն» իր փորձաքննության շրջանակներում ընդամենը պետք է պատասխաներ հարցին, թե արդյոք բացասական ազդեցություն լինելու է շրջակա միջավայրի վրա, թե ոչ:
«Էլարդի» մասնագետներն ասացին, որ այդ լրացուցիչ հանձնարարությունն իրենց տրվել է Քննչական կոմիտեի կողմից: Երբ վարչապետն ապացույց պահանջեց, փորձագետները էլեկտրոնային փոստին ուղարկեցին ՔԿ քննիչ Յուրա Իվանյանի նամակը:
«Նրանք մեզ խնդրեցին, ելնելով մեր հաշվետվությունից, որում մենք վերհանել էինք բազմաթիվ թերություններ, պարզաբանել՝ կարո՞ղ է ընդհանրապես աշխատել այս հանքավայրը և շահագործվել առհասարակ: Ասացին՝ ինչպե՞ս կարող ենք բարելավել մեղմացման միջոցառումները: Սա Քննչական կոմիտեի հետ մեր հանդիպման ընթացքում տրված հարցերն էին: Դա հստակ նշված չէր մեր հանձնարարության մեջ, մենք սա ներառեցինք հուշագրի մեջ, որպեսզի Հայաստանի կառավարությանն օգնենք հասկանալ իրավիճակը»,- ասացին «Էլարդի» փորձագետները:
Վարչապետի հորդորով քննիչ Իվանյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է նման նամակ գրել փորձագետներին:
«Նախնական եզրակացությունն ստանալուց հետո, քանի որ ձևակերպումները շատ անորոշ էին, մենք ներկայացրեցինք նաև, որպեսզի ձևակերպումները ավելի հստակեցվեն»,- ասաց Իվանյանը:
Քննչական կոմիտեի գործողություններից վարչապետի մոտ կասկած հարուցեց նաև այն, որ «Էլարդի» փորձագետներն ասում են, թե ներկայացված տվյալները թերի են եղել, բայց քրեական գործով զարգացում չի եղել:
«Ինքը մեր հրավիրած փորձագետն է, ասում է՝ տվյալները թերի են: Մենք էլ քրեական գործ ենք հարուցել այն փաստի կապակցությամբ, որ տվյալների մի մասն առնվազն թաքցված են, հետևաբար՝ որտեղի՞ց է ձեր եզրակացությունը, թե տվյալները թաքցված չեն»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Քննիչ Յուրա Իվանյանը պարզաբանեց, որ որևէ տվյալ չի թաքցվել, բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ներկայացվել են: Դիտավորությամբ որևէ տվյալի թաքցնում չի արձանագրվել:
Վարչապետը պնդեց. «Էլարդն ասում է՝ գոլորշիացման տվյալները չափազանցված են, հիմա ի՞նչ բարդ է ստուգել՝ չափազանցված են, թե ոչ: Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է  չափազանցրել չափազանցնողը: Այստեղից պետք է հայտնի դառնա կամ չդառնա դիտավորությունը: Եթե տվյալը ճշգրիտ չեն ներկայացրել, դա արդեն թաքցնել է»:
ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանն ասաց, որ հարուցված քրեական գործը ենթադրում է բնապահպանության նախարարության պաշտոնյայի կողմից դիտավորությամբ տեղեկություն թաքցնելը: «Քանի որ մենք նման ապացույց ձեռք չենք բերել, խոսքը կարող է գնալ պաշտոնեական անփութության մասին: Այո, Էլարդն ասում է՝ այսինչ տվյալները թերի են: Երբ լսում ենք Լիդիանին, որոշակի հիմնավորումները բերում է: Եվ մի շարք հիմնավորումների մենք չենք կարողացել չհամաձայնել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է Քննչական կոմիտեն հանգել այն եզրակացության, որ բնապահպանական ռիսկեր չկան:

Հայկ Գրիգորյանը հավելեց, որ եթե բնապահպանության նախարարությունը դիտողություներ ներկայացնի Քննաչական կոմիտեին, դա հիմք է կրկնակի փորձաքննություն նշանակելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր