Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

31 օգոս 2019 10:18

Կփոխվի՞ ինչ-որ բան.Կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին եւ մասնավորապես՝ քրեական հեղինակություններին: Սա, իհարկե, չափազանց դրական եւ անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից եւ բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:
Միեւնույն ժամանակ պետք է նաեւ արձանագրենք, որ քրեական տարրերի դեմ պայքարը բավական բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Քրեական հեղինակություններին բանտերը լցնելու պրակտիկան հարցի լուծում չէ: Առհասարակ ԱԱԾ-ի կամ էլ ոստիկանության կողմից կազմակերպվող դիմակներով ներկայացումներն ու «ասֆալտին փռելու» գործողությունները զուտ քարոզչական գործառույթ ունեն եւ ոչ ավելին: Քրեական աշխարհին ծնկի բերելու համար շատ ավելի լուրջ ու երկարաժամկետ գործողություններ են անհրաժեշտ:


Բայց մինչ որեւէ գործնական քայլի դիմելը՝ պարտադիր է հասկանալ, թե, ի վերջո, ինչի հետ մենք գործ ունենք, եւ որոնք են հարվածի առաջնային ու երկրորդական թիրախները: Նախեւառաջ արձանագրենք հետեւյալը. Հայաստանում քրեական աշխարհը ցանցային տրամաբանությամբ գործող ու հստակ սահմաններ չունեցող համակարգ է: Այսինքն՝ քրեական աշխարհ եզրույթի ներքո ամենեւին էլ պետք չէ հասկանալ ինչ-որ հանցավոր խմբավորումների, որոնց չեզոքացումից հետո հարցը կարող է փակվել: Իրականում այն ավելին է, քան համակարգը, եւ մեր դիմաց կանգնած է համընդգրկուն մի ենթամշակույթ, որը ներկայացված է հանրային գրեթե բոլոր շերտերում:
Փաստորեն խնդիրը ոչ այնքան քրեական հեղինակություններն ու «գողերն» են, այլ նրանց հանրային հեղինակությունն ու մարդկային որոշակի խմբերի աջակցությունը: Սրանից ելնելով քրեական աշխարհի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անարդյունք, քանի որ քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին, եւ այսպես՝ անընդհատ ու շարունակաբար:
Այս իմաստով իրավական կոնկրետ գործողությունների հետ զուգընթաց պետք է առաջնային պլան մղվի արժեքային պայքարը: Այսինքն՝ «գողերի» հետ միասին պետք է չեզոքացվի նաեւ նրանց կողմից պարտադրված մշակութային միջավայրը: Սրա արդյունքում մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ «գողական» մշակույթն այլեւս նորաձեւ ու արդիական չի լինի, երբ մարդիկ այլեւս կդադարեն համակրել ու հերոսացնել «քրեական հեղինակություններին: Փաստորեն խնդիրն առաջին հերթին մշակութային է, եւ սրանից ելնելով մոտեցումն էլ պետք է մշակութային լինի:
Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ մշակութային միջավայրի չեզոքացման գործընթացը երբեւէ չի կարող արդյունավետ լինել, եթե չի առաջարկվում դրա այլընտրանքը: Կա՞ արդյոք այդպիսի այլընտրանք: Իմ համոզմամբ՝ ոչ միայն չկա, այլ նաեւ որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվում դրա ձեւավորման համար:
Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաեւ մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձեւավորելու ուղղությամբ՝ հույսերը դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա, որի գիտակցական տարածությունը ողողված է իրավական նիհիլիզմով, քրեական մտածողությամբ ու գավառական հայրենասիրությամբ: Իսկ եթե չկա մշակութային հեղափոխություն, ապա չի կարող ձեւավորվել նաեւ արժեքային միջավայրի այլընտրանքը:
Քաղաքացու եւ քաղաքացիական գիտակցության մասին ճառերն իհարկե դրական ազդեցություն ունեն, բայց ամենն այդ քիչ է: Քաղաքացին բարդ ստեղծագործություն է, եւ դժվար թե հնարավոր լինի զուտ ճառերի շնորհիվ մարդու նոր տեսակ ստեղծել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր