Հայկական կողմը պետք է իրերն իրենց անուններով կոչի և պարանոցն ազատի կախաղանի օղակից
Տարածաշրջանում ընթացող ակտիվ գործընթացների և ԼՂՀ խնդրի
շուրջ զրուցեցինք Քաղաքական և միջազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
-Պարոն Մեհրաբյան, Մոսկվայում կայացավ Սարգսյան-Պուտին հանդիպումը: ի՞նչ կարող ենք ակնկալել այս հանդիպումից:
-Այդ
հանդիպման ընթացքում երկու նախագահները խոսում էին տրամագծորեն հակառակ մոտեցումների
մասին: Գոնե Արցախի հարցում դա այդպես էր: Ինչ վերաբերվում է Եվրասիական տնտեսական
միությանը՝ Պուտինը իր վրա վերցրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության որևէ վարչության
պետի գործառույթը և փորձեց հայկական կողմին ցույց տալ, թե Հայաստանը ինչ հաջողությունների
է հասնում Եվրասիական միությանն անդամակցելիս, ինչը բացահայտ, ստոր սուտ է, և պետք
չէ հայկական կողմին, հայ հասարակությանը հիմարի
տեղ դնել:
Ինչ
վերաբերվում է կոնֆլիկտի լուծմանը, ապա Ռուսաստանն ուզում է մի բան՝ չկարգավորված կոնֆլիկտ
տարածաշրջանում և իր ռազմական ներկայությունն այնտեղ ապահովել հայկական շահերի հաշվին: Անընդունելի է,
երբ նրանք խոսում են եռակողմ՝ Անկարա-Մոսկվա-Բաքու քննարկումների մասին, այսինքն ըստ
նրանց հայկական կողմը՝ նույնիսկ Երևանը սուբեկտ չէ:
Այդ
հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ շատ կարևոր է պայմանավորվածությունները
հարգելը՝ այսինքն կարելի է ասել, որ հայկական կողմը հասկացրեց Ռուսաստանին կարմիր գծի
մասին, որ հայկական կողմը չի կարող պարզապես դրան գնալ: Եվ ամենակարևորը պետք է պահպանել
ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Տարածաշրջանում Ռուսաստանը ակտիվ հանդիպումներ է անցկացնում, քննարկման առանցքային
թեմա է նաև Արցախյան հիմնահարցը: Ի՞նչ վտանգներ կարող ենք տեսնել այստեղ հաշվի առնելով
Ռուսաստն-Թուրքիա մերձեցումը:
-Ռուսատանը Հայկական պետականության
թիվ մեկ սպառնալիքն է: Վտանգը չի դադարում քանի դեռ Ռուսաստանը չի դադարում ուրիշի ձեռքով խաղեր խաղալ՝ այս դեպքում
Ադրբեջանի: Նրանք աշխատում են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մեծացման վրա, փորձելով
Թուրքիայի հետ Ադրբեջանի գործոնը տարածաշրջանում էլ ավելի ուժեղացնել՝ ընդ որում դա անում են հայկական գործոնը տարածաշրջանից ոչնչացնելու
փորձերով: Այդ գործընթացում ներքաշում են նաև
Իրանին: Եկել է ժամանակը, որ հայկական կողմը իրերն իրենց անուններով կոչի և իր պարանոցն
ազատի այս կախաղանի օղակից: Հայաստանը
պետք է քրտնաջան աշխատի այս խաղի կանոնները փոխելու և սեփական շահերն առաջ տանելու
համար և ճշգրիտ քաղաքական քայլերով դուրս գա այս փակուղուց: Մենք ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն ենք, այլ նրա պատանդը:
-Հաշվի առնելով
Իրանի լուրջ գործոնը տարածաշրջանում՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձևավորումը
ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանում և ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ խնդրի վրա:
-Չպետք է մոռանալ, որ Իրանն ունի անընդմեջ գործող դիվանագիտության
5000 ամյա պատմություն: Իրանը հետաքրքիր ռազմավարություն է առաջ տանում և պարզապես փորձում է իր օգուտները
քաղել և խուսափել վնասներից: Իրանում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանով դուրս
գալով Ռուսաստան՝
նրանք դուրս են գալիս դեպի փակուղի, որը Իրանի Արևմուտքի հետ կապող ռազմավարությանը
որևէ օգուտ չի տալիս: Իրանը զարգացնում է իր կոմունիկացիաները՝ այսպես ասած ռադիալ
ստրատեգիայի ճանապարհով ապահովում է կապերն արտաքին աշխարի հետ: Ես համոզված եմ, որ
Իրանը կխուսափի Հայաստանը մեկուսացնելու քաղաքականության մեջ դեր խաղալուց, բայց նաև
կարևոր է, որ հայկական կողմն ինքը
նախաձեռնողի դերում լինի: Իրանը բազմաթիվ անգամ նշել է իր պատրաստակամության մասին
և հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ իրանական կոմունիկացիաները դեպի Արեւմուտք անցնեն Հայաստանով: Ընդ որում,
խոսքը վերաբերվում է թե ածխաջրածիններին, թե տրանսպորտային բեռնափոխադրումներին, իսկ դրան խոչնդոտող քաղաքական
գործոնները պետք է հայկական կողմը ընդհանրապես չեզոքացնի:
-Ի՞նչ
եք կարծում Հայաստանը կգնա միակողմանի զիջումների, թե այնուամենայնիվ հարցը կլուծվի
փոխզիջումային տարբերակով:
Հարցի լուծման որևէ միտում չեմ տեսնում:
Ռուսաստանը շահագրգռված չէ կոնֆլիկտի լուծմամբ: Ռուսաստանի երազանքն է. չկարգավորված
կոֆլիկտ և այդտեղ իր ռազմական ներկայությունը, որն իրեն հնարավորություն կտա մշտական
ճնշման տակ պահել, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին: Դա ոչ միայն համահունչ չէ, այլև տրամագծորեն հակառակ է հայկական շահերին: Հիմա Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ,
և չպետք է թույլ տա, որ այս պատմական ժամանակահատվածում որևէ ձևով վտանգվի Հայոց պետականությունը:
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը