Տեսանյութ. «Մարտի մեկի» գործով տուժողները կապ չունեն Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ. Ալումյան
«Մարտի 1–ի» գործով սպանվածների հարազատները չեն կարող Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հանդիսանալ տուժող, քանի որ դատարանում չի քննվում Մարտի մեկի 10 սպանությունների հարցը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով գործող տուժողների իրավահաջորդների ներգրավման հարցին։
Ալումյանը, կարեկցանք հայտնելով Մարտի 1–ի զոհերի հարազատներին, ընդգծեց, որ տուժողներն առհասարակ կապ չունեն այս մեղադրանքի հետ։
«Մինչ օրս դատարանում չի քննվում գործ, որտեղ քննարկվի տուժողների սպանության հարցը։ Իմ համոզմամբ՝ այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են միայն բուն սպանության գործով հանդիսանալ տուժողների իրավահաջորդ։ Այս գործը քննվում է ՔՕ 300.1 հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով և այս գործով չկա մարդ, ով ավելի շատ տուժող է, քան ՀՀ 3 մլն բնակիչները։ Կամ այդ տրամաբանությամբ պետք է այստեղ բերել 3 մլն տուժող կամ այստեղ առհասարակ չպետք է տուժողներ լինեն»,–հայտարարեց Ալումյանը։ Նա նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ և այդ դրվագով տուժող նույնպես չկա։
Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց ներգրավել տուժողների իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։
Այսօրվա նիսում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։