Տեսանյութ.Բացահայտվել է. Նախկին պաշտոնյաներին և Բուզանդի բնակիչների վտարման գործերով զբաղվող դատավորներին կաշառք է տրվել
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/09/1470409557425.jpeg)
Գլխավոր դատախազությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն միջնորդություն է ուղարկվել՝ հրապարակման կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Կատարված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և պարզվել է հետևյալը։
Հիշատակված հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Պավել Անդերսոնը հայտնել է, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը ՀՀ կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊԸ-ին, և վերջինս ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևանի Բուզանդի 13-ից 21-րդ հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին: Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-ից 5.000 դոլարի չափով կաշառք: Անդերսոնը հայտնել է նաև, որ 2006 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի պարտադրմամբ՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության։