Էրդողանն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին՝ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություն անել

«ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի՝ եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի՝ եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ապա Միացյալ Նահանգները «կկործանի» Թուրքիայի տնտեսությունը:
«Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որոնք արվում են որոշակի շրջանակում լարվածությունը կանխելու համար: Այն փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը և հույս հայտնել, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կկայանան իր և Թրամփի բանակցությունը: