Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

16 հոկ 2019 13:40

Մեծ աղմուկ ՝ կապված Արցախի դրոշի բացակայության հետ. Փաշինյանը միակը չէ․ Արցախի դրոշը «մոռացել են» նաև Քոչարյանն ու Սարգսյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 15-ի հանդիպումը լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել՝ կապված Արցախի դրոշի բացակայության հետ:
Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպմանը, սակայն, տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արագ արձագանքեց կատարվածին՝ Ֆեյսբուքում գրառում կատարելով և վարչապետին մեղադրելով դրոշը մոռանալու մեջ:
«Անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողը այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել է» տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։

Բա տենց մոռացկոտ եք, այսօր Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ դրոշը մոռանայիք… Հա, դրոշն անձամբ ինքը չի տեղադրում, ինքը հանձնարարում է»,- գրել է Աշոտյանը:
Yerevan.today, henaran.am, 7or.am կայքերը հրապարկել են ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մանուկյանի գրառումը, որը բացատրություն է պահանջում վարչապետից դրոշի բացակայության վերաբերյալ:
«Սա արդյո՞ք պատահականություն է. վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է: Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց: Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք»,- գրել է օգտատերը:

Մինչ ՀՀԿ փոխնախագահն ու այլ լրատվամիջոցներ դավադրություններ են փնտրում դրոշի բացակայության հետևում, պարզվում է, որ առաջին անգամ չէ, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում է ՀՀ դրոշը:


Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը:


Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել:
Լուսանկարը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական 2nd.am կայքից, 2007 թ.Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը:


Այսպիսով, առաջին անգամը չէ, երբ ՀՀ  և ԼՂՀ ղեկավարների հանդիպումների ժամանակ բացակայում է ԼՂՀ դրոշը: Հավելենք, որ շատ անգամներ Արցախում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ բացակայում է ՀՀ դրոշը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր