Անիմաստ աղմուկ-աղաղակ է,թե բյուջեի փողերը ծախսում, գնում են գործուղումների.սա դեռ սկիզբն է՝օդի տուրքը կհանվի

Նա հարցրեց՝ «ճի՞շտ եմ հասկանում, պարոն Ավինյան, որ Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել»։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ և Միլան։ «Գյումրիից Մյունխենին մոտ ևս մեկ ուղղություն է բացվել։ Ընդհանուր առմամբ չորս ուղղությամբ ունենալու ենք Ryanair ընկերության թռիչքներ Հայաստանից։ Եվ ինչպես ճիշտ նշեցիք՝ գնային քաղաքականությունը ուղղված է նրան, որ հնարավորինս էժան տոմսեր առաջարկի և հնարավորինս հասանելի լինեն տոմսերի գները։ Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները, հունվարի 28–ի համար 38.55 եվրո է մեկ ուղղությամբ, ետադարձը նույնն է։ Ընդհանուր 70 եվրոյի շրջանակներում կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»,-ասաց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որքան հասկանում է՝ բյուջետային ինքնաթիռներում սնունդ չի տրվում և շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել։ «Ոչ թե հնարավոր չէ, այլ դա հավելյալ վճարումներով հնարավոր է և սնունդի և ուղեբեռի ծառայություններն ստանալ։ Այդ ընտրության հնարավորությունն է տրվում, որը մեր կարծիքով՝ տրամաբանական է»,-ասաց Ավինյանը։ Փոխվարչապետը նշեց, որ նման ընկերություների մուտքը շուկա էական ազդեցություն է ունենում զբոսաշրջային հոսքերի վրա։
«Ազդեցություն է ունենում ոչ միայն ներգնա, այլ նաև արտագնա տուրիզմի վրա։ Սա հնարավորություն է ստեղծում մի նոր խավի համար դեպի Եվրոպա մեկնելու, ընդհանրապես ճամփորդելու, միանշանակ դրական է ազդելու տուրիզմի վրա։ Մենք շուտով կունենանք նաև այլ լուրեր այս ուղղությամբ։ Եղել են արդեն, բայց հետո կասենք»,- նշեց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում մի քանի անգամ եղել են բուռն քննարկումներ։
«Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս պրոցեսում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զվարթնոց միջազգային օդանավակայանները շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար։ Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել, դա հետևյալն է՝ այն ուղղություններով, որը վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել և չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին, առանց բացառության»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց՝ կասկած չկա, այս փոփոխությունն իր հետևից բերելու է նոր շարժերի մեր ավիացիոն շուկայում։ Եվ որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ մեր քաղաքացիների ու տնտեսության։ «Եկեք արձանագրենք, որ երբ ի սկզբանե խոսքը գնում էր այս մասին, հիմնական շեշտադրումն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ-աղաղակ է, բյուջեի փողերը ծախսում, գնում են գործուղումների։ Այնպես որ, արձանագրենք, որ հաստատակամությունը՝ որոշումները մինչև վերջ տանելու առումով, շատ կարևոր է պետական կառավարման համակարգում»,- ասաց վարչապետը։