Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

28 հոկ 2019 16:30

Նաիրի Հունանյանը 2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասաց Նոնա Նավիկյանը:
Ինչը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանին՝ Նաիրի Հունանյանի եղբորը, Նոնա Նավիկյանը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է:
Նշենք, որ Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, երկուսն էլ դատապարտված են ցմահ ազատազրկման:
Հիրշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 24-ին առանձնազրույց էր ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ իր հետ հանդիպման ընթացքում Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է ընդունել:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար, ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը՝ սեպտեմբերի 11-ին՝դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտվել են Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր