Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 նոյ 2019 11:37

Ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին...Զենքով ու արյունով պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներ

Հյուսիսային Սիրիայի հայ բնակչությունը ներքաշված է այստեղ ընթացող ռազմական գործողություններում: Տեղի հայկական զորախմբի մարտիկները անդրադարձել են այստեղ տիրող վիճակին «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված բացառիկ հարցազրույցներում

Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչությունը կրկին տագնապալի օրեր է վերապրում: Դաեշ-ի դեմ ռազմական գործողություններից հետո ընթացիկ տարվա հոկտեմբերին այս շրջաններում կրկին մարտեր ծավալվեցին Թուրքիայի ներխուժումից հետո: Վերջինս պնդում էր, որ գործողությունների նպատակն է անվտանգության գոտու ձևավորումը: Ներխուժման թիրախ դարձած քրդական զորամիավորումներն էլ Թուրքիային մեղադրում էին ցեղասպանության և էթնիկ զտման իրականացման մեջ:
Տեղի հայերից կազմված Նուպար Օզանյանի հայկական գումարտակը, որը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումների կազմում ակտիվորեն մասնակցել է Դաեշ-ից այս շրջաններն ազատագրելու ու պաշտպանելու մարտերին, քրդական ուժերի կողքին է նաև թուրքական ներխուժման ժամանակ: «Ամերիկայի Ձայնին» համար նկարահանված հատուկ հարցազրույցում գումարտակի անդամները ասում են.


«Մենք առաջ շատ կռվեցինք Դաեշ-ի դեմ, քանի որ հայ զինվորներ ենք ու պետք է կռվեինք: Կռվում ենք նաև այստեղ Թուրքիայից եկած զորքերի դեմ, քանի որ եկել են մեր ժողովրդին սպանելու: Պետք է զենքով ու արյունով պաշտպանենք այս հողում ապրող մեր ժողովրդին»,- նշում է հայկական գումարտակի անդամ Ավո Օզանյանը:
Հայկական զորախմբի մեջ են ընդգրկված նաև կանայք: Ութ երեխաների մայր Սոսեն պատմում է, որ միացել է ռազմական ջոկատին տարիներ առաջ, երբ իր ամենափոքր դուստրը մեկ ամսական էր: Նա շեշտում է՝ աստեղ ենք կռվում, որ կանխենք նոր ցեղասպանությունը և ոչնչից չենք վախենում: Սոսեն ընդգծում է հայ համայնքի համերաշխ գոյատևումն այլ ազգային համայնքների հետ: Համեմատելով Թուրքիայի ներխուժումը Դաեշ-ի հետ՝ նա պնդում է, որ ահաբեկչական կառույցը ստեղծվել է նախագահ Էրդողանի կողմից, իսկ վերջին գործողությունները ուղղված էին հատկապես քրդերի դեմ:


Հայկական գումարտակի զինվորական Ավո Օզանյանն էլ պնդում է, որ իրենք ամբողջապես պատրաստ են պաշտպանության:
«Առաջ քանի որ զենք չունեինք, չէինք կարող կռվել, բայց հիմա պատրաստ ենք ու ամեն կերպ կկռվենք»,- նշում է նա:
Նա ևս Թուրքիայի բանակը նույնականացնում է Դաշե-ի հետ՝ ընդգծելով, որ նրանք այստեղ են եկել իրենց վրա ճնշում գործադրելու համար: Նա վճռական է տրամադրված՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիայի թիրախը ոչ միայն հայերն են, այլև այլ ժողովուրդներ:
«Մեր զենքով, մեր արյունով պետք է նրանց դեմ կանգնենք, քանի որ ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին, հիմա էլ նրանք դուրս են եկել բոլոր ժողովուրդների դեմ»,- ասում է Ավո Օզանյանը:
Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչության հստակ թիվն անհայտ է: Ըստ որոշ տվյալների, այստեղ են բնակվում շուրջ 3000 հայեր, որոնց մեծ մասը ծագում է Հայոց ցեղասպանությունը վերապրած սերունդներից: Իրենց խոսքում հայ գումարտակի անդամները հաճախ են զուգահեռներ անցկացնում Մեծ Եղեռնի և այսօրվա զարգացումների միջև:
«Մենք` հայերս մեծ ու դժվար պատմություն ունենք: 1915-1916 թթ. մենք ջարդվեցինք թուրքերի կողմից: Նրանք մեզ սպանեցին, մորթեցին, վռնդեցին: Շատ դժվար կյանք ունեցանք 1915-ից առայսօր»,- ասում է ջոկատի մարտիկ Հովսեփ Սարգիսը:
Հովսեփ Սարգիսը երախտագիտություն է հայտնում Միացյալ Նահանգներին վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Նա դիմում է միջազգային հանրությանն ու հատկապես Միացյալ Նահանգենրին՝ խնդրելով միջոցներ ձեռք առնել՝ նոր ջարդերն և բռնությունները կանխելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր