Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակմամբ թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Սարդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը:
Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com