Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 դեկ 2019 17:01

Անպայման գնալու եմ մինչեւ վերջ.Հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ չդարձան. այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել Սամվել Բաբայանին պետռեգիստրի եւ զինվորական հաշվառումից անհիմն հեռացնելու հարցով հերթական դատական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել նիստը կրկին հետաձգել եւ նշանակել հունվարի 23-ին:
Այս կապակցությամբ Ս. Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված ողջ հայ ժողովրդին եւ իր համախոսհներին:



Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Սիրելի´ արցախցիներ,
այսօր Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել  Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաեւ իմ իրավունքների վերականգնումը:
Խոստովանեմ, որ ես կասկածի նշույլ իսկ չունեի դատական նիստի այսպիսի ելքի վերաբերյալ, քանի որ քաջատեղյակ եմ, թե ում հետ գործ ունեմ: ԹԵեւ չէի բացառում,    որ իրենց իսկ կողմից ղեկավարվող երկրի ժողովրդավարությունը հաղթաթուղթ սարքելու  եւ իմ աչքը կոխելու համար, թե  «տեսե´ք պարո´ն Բաբայան, ձեր ժամանակներում բռնապետական կարգեր էին, իսկ մենք ժողովրդավար ենք»,  այսօրվա իշխանությունները, այնուամենայնիվ,  ճնշում չեն գործադրի դատարանի  վրա եւ չեն խոչընդոտի արդար որոշմանը:
Բայց ոչ, հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ  չդարձան  եւ այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին:
Մարդիկ, ովքեր այն ժամանակ ջանք չէին խնայում իշխանություն զավթելու համար եւ զավթելով այն, հարկի-անհարկի մեղադրում էին  ինձ, թե  ես խանգարում եմ ժողովրդավարական արժեքների ներդրմանը ,  իմ անզիջողականությամբ ու կտրականությամբ  թույլ  չեմ տալիս լուծել ղարաբաղյան հարցը, այսօր, ժողովրդի աչքի առաջ  կայացրեցին  ոչ թե իմ,  այլ իրենց  դատավճիռը:
Երբ մոտ 20 տարի առաջ այս ոհմակը հեռացնում էր ինձ քաղաքականությունից, հնչում էին նրանց բարձրագոչ խոստումներն այն մասին, որ շատ շուտով նրանք Արցախը կդարձնեն ժողովրդավարական դրախտ՝ հզոր բանակով եւ տնտեսությամբ՝ հարուստ եւ երջանիկ բնակչությամբ: Նրանք հայտարարում էին, թե  այդ գործում նրանց միայն Բաբայանն է խանգարում: Նրանց հաջողվեց  կապել իմ ձեռքերը մոտ 20 տարով: Բայց այսօր ես վերադարձել եմ  եւ, դիմելով նրանց, հարցնում եմ՝ ի՞նչ եք արել այս ընթացքում, պարոնայք:
Բացի այն, որ մեկ անձի հավերժ պաշտոնավարման համար կեղծել եք Սահմանադրությունը, թալանել եք պետական միջոցները, ուրիշ ի՞նչ եք արել: Մի՞թե Արցախը վերածել եք ժողովրադավարական դրախտի, ինչպես խոստանում էիք: Կամ էլ գուցե տնտեսությու՞նն եք զարգացրել:
Ու՞ր  են արցախցիների տնտեսական բարեկեցության բազմաթիվ խոստումները: Գիտե՞ք, որ այսօր Արցախի բնակչության  80%-ը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից: Նրանք մի կերպ են կարողանում մարել տոկոսները,  ստիպված են պարբերաբար վերաֆինանսավորել, այսինքն վարկը փակելու համար կրկին վարկ վերցնել՝ ամեն անգամ ավելացնելով  վարկերի  չափը: Գրեթե ամեն երկրորդ ընտանիք սովորական կենցաղային տեխնիկա ձեռքբերելու համար ստիպված է գրավ դնել ընտանեկան  զարդերը, իսկ մեքենաներն առհասարակ ձեռք են բերվում բնակարանների եւ տների գրավադրմամբ: Ես հաճախ եմ շփվում շրջանների եւ գյուղերի բնակչության հետ եւ սասրասափում եմ իշխանությունների` ժողովրդի հոգսերի նկատմամբ  անփույթ վերաբերմունքից, ով  գոյատեւում է  առանց ճանապարհների, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Պարոնայք իշխանավորներ, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համարձակություն ունեցեք եւ խոստովանեք, որ ժողովուրդը աղքատության ճիրաններում է եւ  դա ձեզ ամենեւին  չի մտահոգում: Կամ գուցե էլի կասեք, որ Բաբայանն էր խանգարում  աշխատել:
Ավելի քան 20 տարի դուք կեղեքել եք ժողովրդին՝ բյուջեն ծառայեցնելով անձնական նպատակների: Դուք Արցախը վեր եք ածել տնտեսական սեւ խոռոչի , որտեղ անհետանում են բոլոր ներդումները: Դուք ուռճացրել եք հարկային տուրքերը եւ այդպիսով ոչնչացնում եք բիզնես-միջավայրը: Աշխատավարձով մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող շարքային բնակչի համար ուռճացրել եք վարկավորման տոկոսադրույքը՝  այն հասցնելով 20%-ի, այնինչ ներդրումային հիմնադրամի անտոկոս միլիոնները  դարձրել եք յուրայինների գրպանի փող, որոնք այդպես էլ չեն վերադարձվում: 
Գուցե պարծենաք   բանակի՞ մարտունակությամբ: միգուցե տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ֆինասական միջոցները  ծախսել եք բանակի վրա, իսկ ես տեղյակ չեմ եւ անհի՞մն եմ մեղադրում  ձեզ: Բայց, ո´չ, պարոնայք:
2016 թվականի ապրիլին մենք տեսանք, թե ինչ եք արել բանակի հետ: 2016-ի ապրիլին ամբողջապես մերկացավ ձեր հանցագործությունները ըննդեմ մեր բանակի, արցախյան սահմանների,  ընդդեմ  հայ ժողովրդի եւ հայ զինվորի: Մենք բոլորս տեսանք, որ տարիներ շարունակ  բանակին հատկացվող գումարները, իրականում բանակ չեն հասել, այլ հարմար տեղավորվել են զանազան  իշխանավորների գրպաններում: Այս զանգվածային գողության համար 16 թվականի ապրիլին վճարեց մեր ժողովուրդը, վճարեց նորօրյա հերոսների արյամբ: Անցել է 3 տարի: Հետաքննություն եղե՞լ է: Ինչ-որ մեկը պատասխան տվե՞լ է: Բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են  կարողություն դիզել  օֆշորային հաշիվներում:
Բայց ես վերադարձել եմ եւ չեմ պատրաստվում այլեւս լռել: Շարունակել լռել հիմա, նշանակում է ուրանալ  իմ զինակից  ընկերների թափած արյունը: Լռել կնշանակի դավաճանել մեր շարժումը, մեր պայքարն ու հաղթանակը, որը  ձեռք է բերվել  ամեն մի հայի շնորհիվ ՝ ծերերի   եւ մանուկների, մայրերի եւ քույրերի, մեր ուսուցիչների, բժիշկների, հողագործների, մեր զինվորների եւ սպաների շնորհիվ: Լռելը, ինչպես ասել է  իմ մարտական ընկեր Մոնթե Մելքոնյանը,  նշանակում է կորցնել Արցախը, փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը: 
Ես 1992 թվականի օրհասական օրերին  պատասխանատությունն ինձ վրա վերցրեցի,  երբ կորսված էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե  կեսը եւ պատասխանատվություն եմ ստանձնում  հիմա, երբ մեր ժողովուրդը խրված է տնտեսական ճգնաժամի մեջ: Ինձ հաջողվել է իրականացնել իմ բոլոր խոստումները, որ տվել եմ 1992 թվականին, երբ տակավին 27 տարեկան էի: Եվ ես հավաստիացնում եմ, որ իրականացնելու եմ իմ  բոլոր խոստումները, որը տալիս եմ այսօր՝ 54 տարեկանում:
Սիրելի´ արցախցիներ, եկեք միասին ազատվենք իշխանության մեջ գտնվող  տնտեսական եւ  ռազմական հանցագործներից, որոնք իշխել են վերջին 20 տարում  եւ կրկին փորձում են պահել զբաղեցրած աթոռները:  Հավատացեք ձեր ուժերին, ձեր հզորությանը: Հավատացեք, որ Արցախի բարօրությունն այսօր ձեր ձեռքերում է : Հենց դուք եք որոշում թե ինչ երկրում կապրեն  ձեր երեխաները. անկայուն ու թու՞յլ ,   թե   հզոր տնտեսություն, մարտունակ  բանակ ունեցող պետության մեջ: Ես առաջարկում եմ հզոր պետություն, ՝ անառիկ սահմաններով, անհաղթ բանակով, զարգացած տնտեսությամբ եւ բարձր կենսամակարդակով:
Ես անպայման գնալու եմ մինչեւ վերջ եւ մասնակցելու եմ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Հավաստիացնում եմ, միասին  մենք կկերտենք փայլուն հաղթանակներ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր