Տղամարդն այցելելով նախկին կնոջ խորթ հոր գերեզմանին՝ երկաթյա ամրանի կտորով անարգել է մահացածների գերեզմանների վրա գտնվող շինությունները

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վաչե Ավագյանը 2019 թվականի սեպտեմբեր ամսվա վերջին, քննությամբ չհստակեցված օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է իր պապի եւ տատի՝ Կապան համայնքի Կավարտ թաղամասին հարակից գերեզմանատանը գտնվող գերեզմաններ եւ հարեւանությամբ գտնվող, նախկին կնոջ՝ Թ.Ալեքսանյանի խորթ հոր՝ Լ.Համբարձումյանի եւ նրա ընտանիքի անդամների շիրմաքարերը տեսնելուց հետո նշված ընտանիքի հետ ունեցած միջանձնային լարված փոխհարաբերություններով պայմանավորված՝ թաղման վայրերը անարգանքի ենթարկելու եւ ուրիշի գույքը ոչնչացնելու հանկարծակի ծագած դիտավորությամբ տեղում գետնից վերցված երկաթյա ամրանի կտորով բազմաթիվ հարվածներ է հասցրել մահացածների գերեզմանների վրա գտնվող շինություններին եւ առարկաներին՝ ինչի հետեւանքով Ա.Համբարձումյանին պատճառվել է 400 հազար ՀՀ դրամ ընդհանուր գնահատմամբ զգալի չափերի վնաս:
Վաչե Ավագյանի գործն արդեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 265-րդ հոդվածի 1-ին մասով (Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը):