Սիրում եմ մայրիկիս պատրաստած թփով տոլման և զոքանչիս պատրաստած չամիչով փլավը
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր
Կարեն Համբարձումյանի հետ:
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Կարեն Համբարձումյանի համար:
-Տարին լի էր մարտահրավերներով, քաղաքական ու սոցիալական հաղթահարումներով և ամենակարևորը, այն խաղաղ էր ու կարծում եմ ստացված:
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Եթե ասեմ քաղաքական առումով, ապա մենք ոչ միայն կարողացանք լավ հիմք ստեղծել հեղափոխության համար, այլև հենց առաջին լիարժեք հեղափոխական տարում, ունեցանք բավականին մեծ հաջողություններ բոլոր ոլորտներում:
Արձանագրեցինք 7-ից ավելի տոկոս տնտեսական աճ: Բայց ամենանշանակալին ինձ համար Հայկական բանակում կատարվող փոփոխություններն ու առաջընթացն
են:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Բացթողում կարելի է համարել յուրաքանչյուր չարված գործ, բայց հարցը նրանում է, թե, արդյոք այդ չարված գործերն ավելի առաջնային են քան նրանք, որ գտնվում են ուշադրության կենտրոնում:
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
-2020-ին նախատեսվում է տնտեսական հեղափոխության շարունակություն, բանակի հզորացում, մարդկային մտքին ու գաղափարներին մեծ տեղ ընձեռելու քաղաքականության հետևողականություն և այսպես շարունակ:
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
-Ամանորի խորհուրդը ես տեսնում եմ օրինակ՝ սիրող զույգերի հաշտության, ընդհանուր համերաշխության և նոր ու թարմ էջից ինչ որ բան սկսելու պատրաստակամությամբ:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորը դիմավորում եմ ընտանիքիս և բարեկամներիս հետ Սիսիանում, հայրենի հողում և օջախում: Տարին ընտանիքիս հետ դիմավորելն ինձ համար գլխավորն է և ամենաերջանկացնողը:
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
-Մայրիկիս պատրաստած թփով տոլման և զոքանչիս պատրաստած չամիչով փլավը:
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն
է շատ լավ ստացվում:
-Ցանկություն ունենալու դեպքում գրեթե ամեն ինչ էլ կպատրաստեմ, բայց կարծում եմ ամենից լավ ստացվում է խաշը, որի շուրջ հրավիրում եմ ընկերներիս ու բարեկամներիս:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Նոր տարին դիմավորել նոր սպասումներով ու նպատակներով: Սա իմ ամենասիրելի տոնն է:
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
-Այս պահին մտքովս որևէ բան չի անցնում՝ անկեղծ ասած:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Իհարկե հավատում եմ, առանց այդ հավատքի ոչինչ չի ստացվի:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Չկա այնպիսի բան, որի համար փոշմանած լինեմ:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Սեր և համերաշխություն բոլոր ընտանիքներում, խաղաղություն սահմանին ու առաջընթաց պետությանը:
Hayacq.com