Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

07 հուն 2020 13:37

Քաղաքական պատվե՞ր.Փաշինյանը իր մոտ ֆեյսբուքում գրեց ու դրանից հետո շատ արագ ԱԱԾ-ն գտավ մեղավորին

Диана Арутюнян» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջի մասին հիշատակումը ադրբեջանական մամուլում եղել է դեռ 2017 թվականի փետրվարի 26-ին, երբ հայկական ուժերը Արցախում ոչնչացրել էին ադրբեջանական դիվերսիոն խումբը, որից հետո ներքին լսարանին «հաղթանակներ» ցույց տալու խնդիր էր առաջացել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջից ՀՀ վարչապետի անունից տարածված ապատեղեկատվությանն ու այն հարցին, արդյո՞ք հնարավոր է երկու կեղծ էջերի համընկնումը։

«Իրենք սարքել էին մի սքրինշոթ, համոզված էլ չեմ, որ այդպիսի էջ եղել է, ենթադրում եմ դա ֆոտոշոփով սարքված ինչ-որ բան էր կամ այդ անունով գրանցված կեղծ օգտատեր, որով ապատեղեկատվություն էին տարածում, իբր թե 300 հայ զինվոր են սպանել։ Այստեղ միակ համընկնումն անունն է, ընդ որում, գրված էր ռուսերենով։ Իսկ այս էջը, որից տարածվել է վարչապետին վերագրվող ապատեղեկատվությունը, պարզ չէ, թե երբ է ստեղծվել եւ արդյո՞ք դա նույն էջն է»,-ասաց Վրթանեսյանը։
Վրթանեսյանի խոսքով, եթե 2 դրանք նույն էջերն են, այս դեպքում ԱԱԾ-ին բազմաթիվ հարցեր են առաջանում՝ նախ եւ առաջ այն մասին, թե այդքան ժամանակ նշված էջն ինչպես է աշխատել։ ԱԱԾ-ի համար այդ էջը, ըստ ամենայնի, հասանելի է եղել եւ, ըստ փորձագետի, ԱԱԾ-ն կարող է նայել նաեւ փակ գրառումները եւ ստուգել՝ արդյո՞ք այն կապ է ունեցել ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված օգտատիրոջ հետ, թե ՝ ոչ։


«Եթե կապ ուներ, շատ լուրջ հարցեր են առաջանում այդ պրոֆիլը վարողին, եթե կապ չուներ, ուրեմն ընդհանրապես, հարցեր են առաջանում ԱԱԾ-ին, նշանակում է, որ ցանկացած դեպքում հնարավոր է գաղտնազերծել ցանկացած օգտատիրոջ ՀՀ տարածքից, այդ դեպքում հազարավոր հանրային վիրավորանքները, սպառնալիքները, որ գալիս են, այդ թվում իշխանամետ դիրքերից հանդես եկող ֆեյքերի կողմից, ինչու՞ են անհետեւանք մնում, ինչո՞ւ իշխանությունները չեն զբաղվում այդ ֆեյքերով։ Ես տեսել եմ սպառնալիքներ, այդ թվում մարդկանց կյանքին, ընտանիքի անդամներին։ Հիշում եմ, օրինակ, 2018 թվականին, երբ հայտարարում էին, թե գազ են բաց թողնելու, արդյո՞ք դա սպառնալիք չէր ՀՀ անվտանգության շահերին, օրինակ, խուճապ տարածելու առումով»,-ասաց Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Իսկ հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։


Անդրադառնալով ԱԱԾ տեսանյութին ու մասնավորապես, դրա ներքաղաքական սլաքներին, Կարեն Վրթանեսյանը նկատեց .«Ինձ համար բազմաթիվ հարցեր կան, նախ, երբ մարդու դեմքը փակում են ու նա նման հայտարարություններ է անում, դա արդեն հարցեր է առաջացնում ՝ ո՞վ է այդ մարդը, արդյո՞ք իսկապես այդ մարդն է, թե մեկ ուրիշն է խոսում։ Հարց կա , թե քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով են գործ հարուցել, որովհետեւ, ի՞նչ է նշանակում համապատասխան հոդված»։
Վրթանեսյանն ակնհայտ է համարում նաեւ քաղաքական պատվերի առկայությունը։ «Փաշինյանը իր մոտ ֆեյսբուքում գրեց ու դրանից հետո շատ արագ ԱԱԾ-ն գտավ մեղավորին»,-նկատեց Կարեն Վրթանեսյանը՝ նաեւ հավելելով, որ մեղմ ասած, ճիշտ չէ, երբ երկրի վարչապետը հերքում է ինչ-որ ֆեյքի գրառումը։
«Իր նշած ինստիտուտները, որոնց մասին սկզբում ասում էր, թե կաթվածահար են, ինստիտուցիոնալ կոլապսի մեջ են, պետք է զբաղվեին դրանով եւ այդ ապատեղեկատվության առաջն առնեին։ Ֆեյքի գրածին երկրի ղեկավարի մակարդակով արձագանքելը մեղմ ասած՝ սխալ է, որովհետեւ, օրինակ, դրանից հետո ցանկացած արտասահմանյան լրատվամիջոց, հիմք ընդունելով, որ դրան երկրի ղեկավարն է անդրադարձել, կարող է այդ մասին ինչ-որ բան գրել»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։
Առհասարակ, խոսելով տեղեկատվական պատերազմին ու հակառակորդի տեղեկատվական հնարավոր սադրանքներին հակազդելու մասին, Կարեն Վրթանեսյանը շեշետեց՝ տեղեկատվական պատերազմը, նույնիսկ , եթե խաղաղության պայմանագիր էլ կնքվի, չի ավարտվելու։ Այն երբեմն թեժանում է, երբեմն թուլանում, բայց, ըստ փորձագետի հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման պրիմիտիվ սխալներ արվում։
«Մի պատճառը գուցե կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի համապատասխան մասնագետներ, որոնք իր կողքին են, բայց այստեղ հանգամանքներ կան, որոնք տարրական տեղեկատվական հիգիենայի ու զգուշության հարցեր են եւ չեմ կարծում, որ իր շրջապատում որեւէ մեկը չկար, որ հնարավոր հետեւանքների մասին ասեր իրեն։ Հետեւաբար, կարող ենք ենթադրել, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ ուղղակի վախենում են իրեն այդ մասին ասել, ինչը, իհարկե, շատ վատ է եւ դժվար է ասել, թե որն է ավելի վատ՝ մասնագետ չունենալը, թե ունենալը եւ չլսելը»։
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր