20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

13 հուն 2020 16:01

Prosports.kz-ի անդրադարձը ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բաբաևի և հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանի կոնֆլիկտին

Ղազախական Prosports.kz կայքն անդրադարձել է «Տոբոլի» ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բաբաևի և թիմի հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Թվում է` ղազախական ֆուտբոլում տեղի է ունենալու նախադեպը չունեցող սկանդալ. ֆուտբոլիստն ակումբից կհեռանա ազգային տարաձայնությունների պատճառով: Ընդ որում, կոնֆլիկտը առաջացել է այնտեղ, որտեղ, ըստ երևույթին, չպետք է լիներ`ադրբեջանցի լեգիոների և ղազախստանցի մարզչի միջև: Իհարկե, կա մեկ նրբություն`մարզիչն ազգությամբ հայ է`Գրիգորի Բաբայանը»,- գրում է կայքը, որը նաև այսպիսի պաստառ է պատրաստել:


«Փորձել ենք հասկանալ, թե ինչպես է ամբողջ Ղազախստանի հպարտությունը` բազմազգությունը, խնդիր դարձել «Տոբոլի» համար»,- շարունակում է կայքը:


Ինչպես «բախվեցին» հայն ու ադրբեջանցին ՂՊԼ-ում
Ղազախական ակումբն, իհարկե, կարող էր ղազախ դարպասապահի գտնել, բայց ՂՊԼ-ում ոչ պոպուլյար ճանապարհով գնաց` սկսեց դիտարկել լեգիոներ դարպասապահի: Ի սկզբանե, նրանք դիտարկում էին վրացի Գիորգի Լորիային, բայց գրեթե պատրաստ պայմանագիրը ստիպված եղան չեղյալ համարել, քանի որ որոշեցին ռիսկի չդիմել. շշուկներ տարածվեցին նոր կանոնի մասին, որն ուղղված էր 30 տարեկանից բարձր լեգիոներների դեմ:
Միջմրցաշրջանային հավաքի ընթացքում Գազաև-կրտսերն ու իր մարզչական շտաբը նկատեցին ադրբեջանցի Էմիլ Բալաևին: «Տոբոլի» մարզչական շտաբը զարմացած էր 25-ամյա ֆուտբոլիստի ունակություններով ու պայմանագիր առաջարկեց նրան: Մրցաշրջան-2019-ի ամբողջ ընթացքում Բալաևը «Տոբոլի» հիմնական դարպասապահն էր:

Իսկ Գրիգորի Բաբայանն իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է հարազատ քաղաքում` խաղալով «Կայրաթի» և «Ալմա-Աթայի» կազմում: Իսկ մարզչական կարիերայի փառքին հասել է Ղազախստանի մայրաքաղաքում` 6 տարի լինելով «Աստանայի» գլխավոր մարզչի օգնականն, իսկ հետո նաև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Բայց 2019 թվականին Բաբայանը որոշեց հեռանալ «Աստանայից»: Շշուկներ էին պտտվում ՂՊԼ-ի միջակ թիմերից մեկը գլխավորելու մասին, բայց արդյունքում դեկտեմբերի կեսերին նա ստանձնեց ՂՊԼ-ի անվանի ակումբներից մեկի ղեկը:

Ինչո՞ւմն է խնդիրը


Միջմրցաշրջանային հատվածի հենց սկզբից «Տոբոլի» շուրջ մի շարք բացասական ալիքներ են պտտվում: Նախ, ակումբը բաժանվեց առաջատար 4 խաղացողներից, ինչն առաջացրեց մասնագետների ու երկրպագուների զարմանքը, ովքեր նաև զայրացած նամակներ են գրում:
Իսկ ահա Բաբայանի նշանակումից անմիջապես հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում սուր հրապարակումներ եղան այն մասին, որ Էմիլը կլինի «անցանկալի» մարզչի թիմում: Ավելի ուշ, հիստերիան նվազեց, բայց նույնիսկ հիմա նրանց լրագրողները նման ոճի վերնագրեր են գրում. «Ադրբեջանի հավաքականի դարպասապահը կխաղա հայի գլխավորությամբ»:
-Իսկ եթե այդ մարզիչն այս իրավիճակին նայի միայն ազգային տեսանկյունի՞ց:

-Եթե հայ մարզիչը քաղաքականությունը խառնի այս ամենին, ապա Բալաևին կարող է հեռացնել կազմից:
Հատված ֆուտբոլային մասնագետ Ագասալիմ Միրջավադովի` ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցից
Բացի դա, ադրբեջանցի լրագրողները Բաբայանի հայտարարություններում ամեն կերպ հակաադրբեջանական հռետորաբանություն են փնտրում: Մարզչի խոսքերն այն մասին, որ «բոլոր դիրքերն ուժեղացման կարիք ունեն», նրանք դիտարկել են որպես ակնարկ դարպասապահի փոփոխության վերաբերյալ:
Ադրբեջանցի երկրպագուները բուռն կերպով Բալաևին կոչ են անում հեռանալ «Տոբոլից»:

Հատկանշական է, որ Բալաևի հետ կապ ունեցող անձինք ևս ագրեսիվ դիրքորոշում ունեն: Ադրբեջանի հավաքականի դարպասապահների մարզիչ Դմիտրի Կրամարենկոն ևս կարծում է, որ ֆուտբոլիստը պետք է հեռանա.

«Անկեղծ, նույնիսկ չգիտեմ` ինչ ասել այս իրավիճակում: Ավելի լավ կլիներ, եթե Բալաևն ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվեր: Դա կնպաստեր նրա հետագա աճին: Նա ունակ է հաջող հանդես գալու նաև ավելի ուժեղ առաջնություններում …
Արդյոք մեր դարպասապահին կնստեցնե՞ն պահեստայինների նստարանին. ես Էմիլին խորհուրդ կտայի անմիջապես հանդիպել գլխավոր մարզչի հետ և քննարկել իր ապագան: Եթե նոր մարզիչը հարցին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, ապա ոչ մի խնդիր պետք է որ չառաջանա: Եթե ոչ ֆուտբոլային մոտեցում լինի, ապա այլ նյուանսներ ի հայտ կգան»:
Ադրբեջանի հավաքականի դարպասապահների մարզիչ

Դարպասապահի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ սպորտն ու քաղաքականությունը չպետք է բախվեն, չնայած` երբեմն դա հնարավոր չէ.
«Ֆուտբոլն ու քաղաքականությունը չպետք է բախվեն, բայց երբեմն դա հնարավոր չի լինում: Ցանկանում եմ նշել, որ Բաբայանը ծնվել և ապրել է Ալմաթիում: Ես արդեն խոսել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, որն ինձ հավաստիացրել է` Էմիլին ոչ ոք չի նեղացնի: Պետք է նշեմ նաև, որ հարցի ոչ մարզական կողմը խոչընդոտ չի հանդիսանա, և առաջին պլան կմղվի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»:
Էմիլ Բալաևի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկի

Ինչպե՞ս կավարտվի ամեն ինչ
Prosports.kz-ը ներկայացնում է «խնդրի» լուծման հնարավոր երկու տարբերակները:
Դատելով Բալաևի խոսքերից` «Տոբոլը» մտադիր է թիմում պահել իր դարպասապահին: Ղազախական կայքը նշում է, որ այս կերպ ակումբը ցույց կտա սեփական ուժը բոլոր նրանց, ովքեր վստահ են, որ հայն ու ադրբեջանցին միանշանակ չեն գտնվի միևնույն թիմում:

Կայքն ընդգծում է, որ այս կերպ գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը ևս մեծ հարգանքի կարժանանա: Երրորդ, այս քայլով «Տոբոլը» թիմում կպահի առաջատար խաղացողներից մեկին: Եվ չորրորդ, ակումբը ցույց կտա, որ ազգային հարցը Ղազախստանում շատ ավելի քիչ է սրացած, քան հարևան երկրներում:


Սակայն, այստեղ պետք է հստակ իմանալ` արդյոք Բաբայանն ադրբեջանցուն համարո՞ւմ է հիմնական դարպասապահ. եթե Բալաևը նստի պահեստայինների նստարանին, ապա այս փաստը ևս հակասական արձագանքներ կգտնի:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Բալաևը հեռանա: Կայքն ընդգծում է, որ 25-ամյա դարպասապահն այս կերպ շատ բան կկորցնի: Նախևառաջ, դարպասապահին վերջապես սկսել են ուշադրություն դարձնել եվրոպական ակումբները, ինչի մասին բացեիբաց խոսում է գործակալը: Սա նշանակում է, որ մեկ տարուց` Բալաևի պայմանագրի ժամկետի ավարտից հետո, նա կարող է ավելի բարձրակարգ լիգա տեղափոխվել:

Երկրորդ, եթե Բալաևը հիմա հեռանա, ապա այն ակումբը, որը կցանկանա ձեռք բերել նրան, պետք է վճարի, իսկ դա էականորեն կնեղացնի հնարավոր թիմերի շրջանակը:
Եվ հետո, Ադրբեջանի հավաքականը կկորցնի իր լավագույն դարպասապահներից մեկին: Պահեստայինների նստարանին նստելն իհարկե օգտակար չի լինի հեռանկարային ֆուտբոլիստի համար, իսկ եթե ամեն դեպքում նա հեռանա, ապա ստիպված կլինի վերադառնալ կա’մ Ադրբեջանի թիմերից մեկը, կա’մ` տեղափոխվել Թուրքիայի Առաջին լիգայի ակումբներից մեկը, ինչն իհարկե հետ քայլ կլինի նրա կարիերայում:


Հիշեցնենք` Բալաևն արդեն հայտնել է, որ «Տոբոլի»` Դուբայում ընթացող ուսումնամարզական հավաքը լքել է Թուրքիայում վերականգնողական փուլ անցնելու համար: Ֆուտբոլիստը վնասվածք չունի և մարզվում է անհատական ծրագրով:
armsport.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր