Ռուզան Մանթաշյանը հայտարարել է, որ Դրեզդենի բալի կազմակերպիչները չեղարկել են իր ելույթն ադրբեջանցի տենորի պատճառով

Երգչուհին իր Facebook–յան էջում հրապարակել է Agence Massis Opéra–ի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է Semper Opera Ball–ի մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:
Բանակցություններ առանց պայմանագրի
Հայտարարության մեջ նշվում է, որ Semper Operaball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում
«Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն։ Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր», – նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում են Agence Massis Opéra –ից, 2020թ. հունվարի 10-ին ստացվել է վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ «պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ»:
«Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք։ Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը», – նշվում է հայտարարության մեջ։