Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ.Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ Աբդուլմեջիդ Թեբբուն ինձ ասաց, որ Ֆրանսիան կոտորել է իր հայրենակիցներից 5 միլիոնին»:
Ապա Էրդողանը ևս մեկ անգամ նշելով, որ իրենք պահանջում են բացել բոլոր արխիվները, ասել է. «Ֆրանսիայի նախագահն այս բաները չգիտի, նրան պետք է այս ամենի մասին պատմենք»:
Հիշեցնենք, որ օրերս Մակրոնը մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում: