Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

12 փետ 2020 14:01

Հայազգի բժիշկը փրկել է 11-ամսական աղջկան, որի կերակրափողում բանալի էր խցանվել

Նովոռոսիյսկից 11-ամսական աղջկա կերակրափողում բանալի էր խցանվել. այն դուրս բերելու համար ստիպված էին վիրահատություն անցկացնել, որը կատարել է № 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ-էնդոսկոպաբան Դավիթ Շահինյանը:
Ինչպես հայտնում է «Новороссийский рабочий» պարբերականը, աղջկան հիվանդանոց են բերել ուշ երեկոյան, եւ նա իրեն անհանգիստ էր պահում, ամբողջ ժամանակ ձեռքը տանում էր կոկորդին: Ռենտգենով նրա կերակրափողում օտար մարմին է հայտնաբերվել:
Այն դուրս բերելու համար ստիպված էին անցկացնել էնդոսկոպիկ վիրահատություն:

«Որոշ դեպքերում օտար առարկան կարելի է հանել 5 րոպեում, բայց այս դեպքում բարդություններ կային,- ասել է բժիշկ Շահինյանը: - Վիրահատությունը կատարվում է համակցված անզգայացմամբ: Այսպիսի փոքր երեխայի մոտ կողմնակի իրը հանելու համար օգտագործվում է ուլտրաբարակ մանկական էնդոսկոպ»:
Վիրահատությունը տեւել է շուրջ 30 րոպե: Բժիշկը ստիպված էր բանալին նախ իջեցնել փոքրիկ պացիենտի ստամոքս, որ այն բռնելը հարմար լինի: Բայց բանալին դուրս բերելը հեշտ չէր, քանի որ կերակրափողում կան նեղացումների երեք գոտիներ, եւ վերջինով բանալին ոչ մի կերպ չէր անցնում՝ ցած էր սահում: Այն պետք էր դուրս բերել խնամքով՝ կերակրափողը չվնասելու համար:
Բժիշկ Շահինյանը ծնողներին խորհուրդներ է տվել, որոնք անգամ կարող են չկասկածել, որ իրենց փոքրիկը օտար մարմին է կուլ տվել.
«Եթե երեխան լալիս է, անհանգստություն դրսեւորում, ուտելուց հրաժարվում է, սա բժշկին դիմելու կամ շտապ օգնություն կանչելու պատճառ է: Ծնողներն այս դեպքում ճիշտ էին վարվել, ուստի փոքրիկին ժամանակին է բուժօգնություն ցուցաբերվել: Պարզաբանեմ, որ կերակրափողում օտար մարմնի այդպիսի խցանումը վտանգավոր է նրանով, որ կարող է առաջացնել պառկելախոց, իսկ հետեւաբար՝ հետագայում նաեւ խոց: Խոցի ապաքինման ժամանակ տեղի է ունենում հյուսվածքի սպիացում, ինչն առաջացնում է լուսանցքի նեղացում, այսպես կոչված՝ կերակրափողի ստենոզ: Իսկ դա նշանակում է, որ մարդը մնացյալ ամբողջ կյանքի ընթացքում դժվարություններ է ունենալու կերակրափողով սնունդ անցնելիս: Ուշադիր եղեք, հետեւեք ձեր երեխաներին, աշխատեք նրանց չտալ խաղալու մանր առարկաներ, որոնք նրանք կարող են կուլ տալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր