Լուրջ սրման կարող է հանգեցնել թուրքական բանակին ուղղված Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածը

Ըստ հանդեսի տվյալների, ի պատասխան սիրիական ավիահարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել, թուրքական բանակն այսօր սպանել է Սիրիայի 16 զինծառայողի, իսկ թուրքական անօդաչուներն ու հրետանին մշտական կրակի տակ են պահել սիրիական բանակի դիրքերն Իդլիբի նահանգի ամբողջ տարածքում: Այս լարվածությունը կարող է կտրուկ փոխել հակամարտության ընթացքը, որը վերջին շրջանում վերածվել էր Մոսկվայի, Դամասկոսի և Անկարայի միջև առճակատման:
Հոդվածում նշվում է, որ եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն կարող են օգնել այս հումանիտար ճգնաժամի մեղմման գործում, և որ սա հենց այն գործն է, որը պահանջում է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի համատեղ ջանքերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Թուրքիայի պահանջով դաշինքի ռազմաքաղաքական բլոկի արտահերթ նիստ է գումարվել` Իդլիբում փետրվարի 27-ին ավիահարվածի հետևանքով թուրքական բանակի կորուստների հետ կապված:
Երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: