Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

11 հուն 2024 08:41

Մեծ հաջողություն կարճ ժամանակում

Մեծ հաջողություն կարճ ժամանակում Կարևորելով Հայաստանի բժշկագիտության զարգացումը՝ առողջապահության ազգային ինստիտուտը պահպանելով լավագույն ավանդույթները, երեք տարի առաջ ձեռնամուխ եղավ «Առողջապահություն և բժշկագիտություն հայկական հանդեսի» պարբերական հրատարակմանը։ Այն նպատակ ունի Հայաստանի բժշկներին հաղորդ անել միջազգային փորձին և ոլորտի կայացած կամ կայացման ընթացքում գտնվող հայ բժշկական գիտական միտքը ներկայացնել միջազգային հանրությանը։ «Այս հանդեսի կարիքը կար և վաղուց սպասված էր»,- այսպես մեզ հետ զրույցում ոլորտի առաջատար մասնագետները գնահատեցին «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը»։ Եվ այսպես 2021-ին ձեռնարկված գործը, 2023-ին տվեց իր դրական արդյունքը՝ հանդեսն ընդգրկվեց  ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ-ի) կողմից թեկնածուական և դոկտորական թեզերի արդյունքների տպագրման համար նախատեսված գիտական ամսագրերի ցուցակում։ Այս փաստից հետո հանդեսի նկատմամբ հետաքրքրությունն ու վստահությունը բարձրացավ թե՞ ոչ։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք հանդեսի գլխավոր համախմբագիր, ԱԱԻ-ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․  Սամսոն Խաչատրյանի հետ։

-Շատ ուրախ ենք ու հպարտ, որ մեր հանդեսի թիմի, հեղինակների և խմբագիրների երկամյա ստեղծագործ գիտական խմբագրական աշխատանքը արժանացավ այս մեծ պատվին, և հանդեսը 2023 թվականից ընդգրկվեց ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ատենախոսությունների արդյունքների տպագրության հանդեսների հաստատված ցանկում։
Իհարկե, ոչ պակաս հպարտությամբ պետք է նշեմ, որ մինչ ԲՈԿ-ի կողմից հաստատում ստանալը հանդեսի նկատմամբ ևս վստահությունը մեծ էր, քանի որ այն ստեղծվել է որպես տարաբնույթ առողջապահական և բժշկագիտական տպագրությունների համար հարթակ։ Մենք ձգտում ենք ներգրավել թե տեղական դաշտի առաջատար մասնագետներին, թե արտասահմանյան գործընկերների։ Սակայն անշուշտ, 2023 թվականից ի վեր հատկապես տեղական դաշտում մեր բժիշկ կոլեգաների հետաքրքրությունը մեծացել է հանդեսում տպագրվելու նկատմամբ, որի համար շատ ուրախ ենք․ ցանկացած պարագայում շահում է գիտությունը։
 
-Երեք տարի առաջ, երբ ծնունդ առավ հանդեսը Ձեզ հետ զրույցում Դուք ասացիք․ «Հանդեսի նպատակն է ձևավորել միջազգային հարթակ, կլինիկական, գիտական, ինչպես նաև առողջապահական ոլորտի աշխատակիցների համար»։ Հասել ե՞ք նախանշված նպատակին։
-Իհարկե ասել, որ լիովին հասել ենք նախանշված նպատակին, ճիշտ չի լինի։ Ես չեմ սիրում ասել, որ ամեն ինչ արված է, միշտ աշխատելու, նոր նախագծեր կյանքի կոչելու կարիք կա, թե՛ մեր երկրում, թե՛ միջազգային հարթակում հանդեսի դերը բարձրացնելու գործում։ Երևի թե հենց այս մոտեցումն է, որը միավորում է մեր խմբագրական թիմի բոլոր անդամներին և հանդիսանում է մեր հաջողության բանաձևը, քանի որ չեմ վախենա ասել, որ ստեղծման օրից հանդեսը բավականին մեծ զարգացում է ապրել և կարողացել հստակ արմատավորվել այս ասպարեզում՝ օր օրի գրավելով նոր մասնագետների և ինչպես նշեցիք՝ արդեն նաև միջազգային հարթակ է հանդիսանում նրանց համար։ Իհարկե այն հետաքրքիր աշխատանք է, նաև ներքին շփման առումով և ադմինիստրատիվ խմբագրական աշխատանքի առումով արդյունավետ փախըմբռնում կա իմ գործընկեր գլխավոր համախմբագիր Դավիթ Աբրահամյանի հետ։ Ուզում եմ հատուկ նշել, որ մեր թիմում յուրաքանչյուրը իր տեղում շատ հստակ և արդյունավետ աշխատանք է իրականացնում։ Բոլորը իրենց ոլորտներում շատ զբաղված մարդիկ են, սակայն հանդեսի նկատմամբ իրենց վերաբերմունքը բոլորի կողմից մեծ պատասխանատվությամբ է դրսևորվում։ Գիտակցում ենք, որ այս աշխատանքի շնորհիվ կարող ենք ոլորտի զարգացման համար նոր խթան հանդիսանալ, ինչպես նաև բարձրացնել մեր առողջապահական և գիտակլինիկական ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Նշեմ, որ ներկայումս մենք ունենք տպագրված կամ տպագրման ընդունված հոդվածներ օրինակ ԱՄՆ-ից և Նիգերիայից, ինչը խոսում է, որ այն կարող է հետաքրքիր լինել միջազգային ասպարեզում։ Մենք հակված ենք այդ միտումն ընդլայնել։
 
-Ինչ՞ է արվում «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը» միջազգային հարթակներում ներկայացնելու և մրցունակ դարձնելու համար։
-Այստեղ պետք է նշեմ, որ առաջին հստակ քայլերն արված են, չնայած որոշակի բարդություններին և խոչընդոտներին։ Նախ հանդեսը եռալեզու հարթակ է, ընդունվում են հոդվածներ բացի հայերենից նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Հատկապես խրախուսվում է անգլերեն տպագրությունը՝ ՀՀ սահմաններից դուրս ևս նյութերը տարածելու նպատակով։ Սրանից անկախ հոդվածների սեղմագրերը պետք է լինեն բոլոր երեք լեզուներով, անկախ բուն հոդվածի հիմնական լեզվից։ Աշխատանք է տարվում միջազգային հիմնական շտեմարաններում հանդեսը գրանցելու համար։
Հանդեսն ունի կայք (https://ahms.am/), որի մեջ տեղադրված են հանդեսի բոլոր հոդվածներն ու ամբողջական համարները։ Յուրաքանչյուր հոդված մեր հանդեսում ունի իր հերթական՝ DOI կոդը, որն ամեն հոդվածի առանձին չկրկնվող անհատական համարն է, ու դրանով հնարավոր է գտնել հոդվածը, ներբեռնել և ծանոթանալ բովանդակությանը։ Ի վերջո գործընկերները կատարում են բավականին մեծ և խրախուսելի գիտական հետազոտական աշխատանք, ամփոփում են արդյունքները տպագրվող հոդվածներում, որոնք շատ դեպքերում մրցունակ են աշխարհի նույնանուն ոլորտներում տպագրվող հոդվածների հետ։
Հանդեսում տպագրված հոդվածները գործնականում նպաստու՞մ են հոդվածագրերի մասնագիտական հմտությունների և կարիերայի զարգացմանը։
Շատ ուրախ եմ, որ հանդեսում տպագրվում են ինչպես փորձառու բժիշկներ, որոնք ունեն հարուստ փորձ թիկունքում, այնպես էլ կլինիկական օրդինատորներ՝ բժշկագիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդներ։ Սա էլ ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը, քանի որ, ինչպես շատ ճիշտ նկատեցիք, սա պետք է հանդիսանա նաև նրանց համար փորձ և մասնագիտական հմտությունների զարգացման համար պարարտ հող։ Հոդվածները անպայման գրախոսվում են, հեղինակները զգում և տեսնում են խմբագրակազմի աշխատանքը, հաճախ մենք հրավիրում ենք արտասահմանյան գրախոսների, ովքեր գրաքննում են հոդվածները, դրանք հասցեատիրոջը՝ ընթերցողին ավելի արդյունավետ վիճակում հասցնելու համար։ Լինում են նաև ուղարկված հոդվածների մերժումներ, ինչը անխուսափելի է, երբ նպատակ կա ապահովելու որակյալ բովանդակություն։
Ի վերջո ցանկացած հոդվածագրություն բավական մեծ աշխատանք է, որի ընթացքում կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, հաշվարկներ և վերլուծություններ։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր գրված հոդվածից հետո նոր գիտելիքի մի մեծ պաշար է մնում։

-Ի դեպ պարոն Խաչատրյան հիշում եմ նաև, որ երեք տարի առաջ մտադրված էիք խմբագրակազմում ընդգրկել Հայաստանի բժշկագիտության՝ կորիֆեյների՝ բարձրակարգ մասնագետներին և գիտնականներին։ Ավելին, միջազգային զարգացումներին, հայ մասնագետներին հաղորդ անելու նպատակով մտադիր էիք մեր գիտնականների միջազգային կապերը կիրառության մեջ ներդնել։ Հաջողվե՞ց այդ փորձը։
-Մեր խմբագրակազմը երևելի մասնագետներով հարուստ է, այստեղ կարող եք տեսնել Հայաստանի և Սփյուռքի ամենանշանավորներին, արտասահմանցի գործընկերների, ընդ որում կազմը վերջնական չէ, մենք միշտ ուրախ ենք այստեղ նոր մասնագետներ տեսնելու համար։ Դա շատ օգնում է թե հայաստանյան հոդվածները ավելի բարելավելու առումով նրանց խմբագրման շնորհիվ, բայց նաև ներգրավել արտասահմանյան գործընկերների հոդվածները։

-Ինչը՞ Դուք կկարևորեիք։ 
-Մեր խմբագրակազմի անունից առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին վստահության և նպատակասլացության համար, որով նա վարակում է մեզ բոլորիս։ Երբ աշխատանքային հորձանուտը շեղվում է, նա միշտ պատրաստ է վերադարձնել մեզ գիտության աշխարհ։
Նաև առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր այն հեղինակներին, ովքեր իրենց գիտական միտքը կիսում են մեր հանդեսի հետ։ Առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի իրականացնել կամ կլիներ անիմաստ։
Սիրով նորից հրավիրում եմ արդեն տպագրված և ապագա հեղինակներին կիսելու իրենց հետազոտությունները մեր և մեր ընթերցողների հետ՝ ՀՀ-ում գիտության զարգացման մի մասնիկը դառնալու։
Առջևում մեր հետագա համարներն ու բարձունքներն են։
 
Ժասմին Վիլյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր