20:50 - «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը         17:00 - Տեսանյութ.Կապ չունի տանից 100 մետր եք հեռու, թե՝ 5 կմ, կողքի շենքի խանութ,100 հազար դրամով կտուգանվեք      16:32 - Զգուշացնում եմ,չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանն ահազանգում է    

05 մար 2020 13:03

Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա առավելագույնը կարող է լինել 1-ից 1.1 տրլն դոլար. տնտեսագետ

Այժմ կորոնավիրուսն ազդում է հիմնականում տուրիզմի ոլորտի եւ մանրածախ առեւտրի, հատկապես էլեկտրոնային առեւտրի ոլորտի վրա: ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ աշխարհում կտրուկ նվազումներ են նկատվել արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի թողարկման ծավալներում: Կորոնավիրուսի տարածման երկիրը՝ Չինաստանը, աշխարհի արդյունաբերական արտադրանքի ավելի քան 1/5-րդ մասն է արտահանում, բայց նույն Չինաստանում մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ այս պահին չեն աշխատում:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը:


- Պարո՛ն Քթոյան, ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա:
- Ընդհանրապես բոլոր այն գնահատականները, որոնք այս պահին կան, ավելի շատ կապված են սպառողական վարքագծի փոփոխության հետ: Այսինքն՝ խնդիրներից մեկն այն է, որ սպառողը փոխում է իր վարքագիծը: Իսկ թե ապագայում ինչ զարգացումներ կլինեն, կախված է նրանից, թե կորոնավիրուսն ինչ հետագծով կընթանա: Ընդհանուր առավելագույն վնասի գնահատականը, որն այսօր հնչեցվել է, 1-ից 1.1 տրլն դոլարի հնարավոր ազդեցությունն է համաշխարհային տնտեսության վրա: Սա այն սցենարի դեպքում, երբ կորոնավիրուսը ճանաչվի՝ որպես պանդեմիա, բայց այդ հեռանկարն այս պահին դեռեւս շատ հեռու է իրականությունից: Պանդեմիան համատարած վարակումն է՝ գլոբալ մասշտաբով: Եթե սովորական տարբեր հիվանդությունների դեպքում 1-5 տոկոս հիվանդացությունն է որպես շեմ ընդունվում, ապա պանդեմիան դրանից մի կարգ բարձր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռեւս չի շտապում՝ որպես պանդեմիա հայտարարել, քանի որ կորոնավիրուսն այդպիսին չէ: Ուղղակի անհայտ վիրուսի տարածում է, որի իմունիտետ եւ պատվաստանյութ չկա:
Իսկ կոնկրետ այս պահին վնասի գնահատականը հետեւյալ կերպ է հաշվվում. ասենք, ֆոնդային շուկայում տեղի է ունենում արժեթղթերի գնանկման պրոցես, ու եթե այդ գնանկման չափը բազմապատկենք արժեթղթերի քանակով, հնարավոր է՝ 1 շաբաթվա ընթացքում որոշակի կորուստ արձանագրվի: Նույն հաջողությամբ ասում են՝ աշխարհի միլիարդատերերը 400 մլրդ դոլար են կորցրել, այսինքն՝ նրանց կարողությունն այդ պահի դրությամբ նվազել է: Բայց հաջորդ պահին, երբ այս խուճապային տրամադրությունները վերանան, այդ ֆոնդային շուկայի ինդեքսները կարող են վերականգնվել: Այսինքն՝ սա ռեալ կորուստ չէ:
- Եթե համեմատենք նախկինում եղած համաճարակների հետ, այս պահին հասցված վնասնե՞րն են ավելի շատ, թե՞ նախկինում:
- Այս պահին ավելի մեծ է, քանի որ ավելի մեծ է խուճապը: Եթե համեմատենք նախկին վիրուսների հետ, մահացության մակարդակը նախորդների դեպքում ավելի բարձր է եղել: Հիվանդների, հիվանդացածների եւ մահացածների հարաբերակցությունն ավելի մեծ է եղել, քան հիմա է: Բայց խնդիրն այն է, որ հիմա վիրուսի տարածման շրջանակն ավելի լայն է: Օրինակ՝ ֆոնդային շուկաների վրա այդ խուճապը շատ մեծ անդրադարձ ունեցավ, հանքահումքային արտադրանքի գներն են նվազում արձանագրում: 2008 թ. գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ արձանագրվեց ամենամեծ անկման շաբաթը: 1 շաբաթվա ընթացքում առանձին ֆոնդային շուկաներում արժեթղթերի գինն ամենամեծ անկումն ունեցավ: Բոլոր այն երկրներն ու ընկերությունները, որոնք Չինաստանի հետ հարաբերություններ ունեն, խնդրի առաջ են կանգնում, նույնիսկ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, էլեկտրոնիկայի ոլորտում: Չինական գործարանները շատ դեպքերում աշխատում են իրենց հնարավորության 20-30 տոկոսի չափով, քանի որ մարդիկ պարզապես հրաժարվում են դուրս գալ աշխատանքի: Տուրիզմի վնասը գլոբալ մասշտաբով գնահատվում է 20 մլրդ դոլարի չափով: Ոմանք սա համեմատում են 100 տարի առաջ տեղի ունեցած իսպանական գրիպի հետ, բայց 100 տարի առաջ եւ հիմա երկրների առողջապահության համակարգերը տարբեր են: Չնայած հայտարարվում է, որ 80 երկրում կա վիրուսը, բայց Չինաստանից դուրս 3 երկիր է, որտեղ դեպքերի քանակը 2000-ից ավելի է՝ Հարավային Կորեան, Իտալիան եւ Իրանը: ԱՀԿ-ի գնահատականներով՝ աշխարհում ամեն տարի 250-500 հազար մարդ միջինում գրիպից է մահանում, բայց սա մենք չենք դիտարկում որպես խուճապի առիթ: Այստեղ, բնականաբար, կա այդ խուճապի տարրը, բայց եթե առաջիկա 2 ամիսներին իրավիճակը նորմալ գնա, սրա տնտեսական հետեւանքն այդքան մեծ չի լինի, ինչպես որ գնահատվում է:
Բայց եթե լավատեսական առումով նայենք, վարակի ակտիվ դեպքերի քանակի աճը փետրվար ամսվա սկզբին ավելի շատ է եղել, քան հիմա: Մենք ասում ենք վիրուսակիրներն 90 հազարից ավելի են, բայց կա նաեւ առողջացածների նշանակալի թիվ, որը եթե հանենք այդ թվից, կստանանք ակտիվ վիրուսակիրների թիվը: Այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են տարբեր երկրների կողմից, գերապահովագրության համար են ու նույնիսկ ավելին են, քան անհրաժեշտ է:
- Կա՞ն երկրներ, որոնց վրա ազդեցություն չի ունեցել կորոնավիրուսը:
-  Որպեսզի չտարածվի վիրուսը մի երկրի վրա, ուրեմն այդ երկրի տնտեսությունը պետք է լինի մեկուսացված, չեմ կարծում, թե մեկուսացված տնտեսություն ունենալը լավ հեռանկար է: Եթե առաջիկա 2 ամիսների ընթացքում պատվաստանյութի փորձարկումները մեկնարկեն, ինչպես Չինաստանում են նախատեսում, ապա կանխատեսվում է, որ այս խուճապային տրամադրությունները որոշակի անկում կունենան:
- Այլ երկրների համեմատ Հայաստանի տնտեսության վրա ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսը:
- Դեռեւս վաղ է գնահատել այդ ազդեցությունները: Եթե հնարավոր ուղղություններով նայենք, ասեմ՝ մետաղական հանքանյութի գները նվազում են աշխարհում, իսկ Հայաստանը մետաղական հանքաքար արտահանող երկիր է, այս առումով մեզ վրա բացասական ազդեցություն կունենա: Զբոսաշրջության ոլորտը, կացության կազմակերպումը, սննդի ոլորտն անցած տարի ամենամեծ աճ արձանագրած ոլորտներից են, եւ սա խոցելի ոլորտ է: Եթե նայենք, այն երկրները, որոնց հետ Հայաստանը առեւտրային հարաբերությունների մեջ է, այդտեղ կան երկրներ, որոնք կորոնավիրուսի լուրջ ռիսկային գոտում են: Չինաստանից ՀՀ ներմուծումը գերազանցում է 600 մլն դոլարը, Իրանի պարագայում եւս նշանակալի ներմուծում ունենք, այս առումով որոշակի նվազում կլինի եւ տնտեսության վրա գնաճային ճնշումներ առաջ կբերի: Բայց կան նաեւ այլ գործոններ, որոնք կնպաստեն գնաճային ճնշումների թուլացմանը. ներքին արտադրության մասով կարող են որոշակի ակտիվություններ լինել:
- Աշխարհում կա՞ն տնտեսության ոլորտներ, որոնց վրա չի ազդել:
- Քանի որ այս երեւույթը կապված է մարդու հետ, սպառողի հետ, դժվար է գտնել մի ոլորտ, որ ազդեցություն չունենա: Այսինքն, եթե հանրությունը ենթարկվեց խուճապի, այդ խուճապային տրամադրությունը ցանկացած ոլորտի վրա կազդի: Օրինակ՝ մշակույթի ոլորտում. մարդը պիտի գնար թատրոն՝ ներկայացում նայելու, չի գնա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր