«Կորոնավիրուսային հրաշքի» հեղինակի շնորհիվ կորոնավիրուսի դեմ պայքարը Հունաստանում ավելի հաջող է, քան եվրոպական մյուս երկրներում

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ այսպիսի արդյունքների հասնել Հունաստանին հաջողվել է այն բանի շնորհիվ, որ երկրի իշխանությունները հետեւել են փորձագետների խորհուրդներին։
Հույներն իրենք «կորոնավիրուսային հրաշքի» հեղինակ իրենց երկրում համարում են գլխավոր համաճարակաբան Սոտիրիս Ցոդրասին։ Նա կարողացել է համոզել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին փակել եկեղեցիները։ Նաեւ նրա խորհրդով իշխանությունները նախօրոք 13 բուժկենտրոն էին պատրաստել, երբ համավարակը դեռ նոր էր սկսվել, եւ Իտալիայում առաջին 11 մարդն էր մահացել։
Մարտի 8-ից Հունաստանը փուլ առ փուլ կարանտին էր սահմանում՝ սկզբում փակվեցին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները, որից հետո մարզասրահները, թատրոնները եւ կինոթատրոնները։ Իշխանությունները նույնիսկ մարտի 25-ին չեղարկեցին երկրի Անկախության օրվան նվիրված միջոցառումները։
Մարտի կեսին Հունաստանում փակվեցին սրճարանները, բարերը եւ լողափերը, իսկ վերջում՝ առեւտրի կենտրոնները եւ մյուս խանութները, բացի մթերայիններից։
Հունաստանի քաղաքացիների հեռախոսահամարներին անընդհատ տանը մնալու խնդրանքով հաղորդագրություններ են գալիս։ Առանց հատուկ ծանուցման փողոց դուրս գալը պատժվում է 150 եվրո տուգանքով։
Փորձագետների կարծիքով՝ այս բոլոր միջոցառումները, որոնք ժամանակին են ընդունվել, բերել են նրան, որ եւ կորոնավիրուսով պացիենտները, եւ այդ վիրուսի հետեւանքով մահերը Հունաստանում այսօր շատ ավելի քիչ են, քան Եվրոպայի այլ երկրներում։