Կոնկրետ ԱՄՆ-ում համավարակի բարձրակետը կա՛մ նոր է սկսվել, կա՛մ նոր-նոր սկսվելու է
Կորոնավիրուսը մարդկության պատմության մեջ ամենալուրջ հիվանդություններից մեկն է. մարդկությունը վերջին 100 տարում չի հիշում ավելի վտանգավոր հիվանդություն: Այսպիսի կարծիք է հայտնել Նյու Յորքից բժիշկ Մառլեն Կապլանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա, հավանաբար, «իսպանկայի» ժամանակներից այս իմաստով ամենալուրջ հիվանդությունն է»,- ասել է մասնագետը:
Նրա կարծիքով՝ կոնկրետ ԱՄՆ-ում համավարակի բարձրակետը կա՛մ նոր է սկսվել, կա՛մ նոր-նոր սկսվելու է: Նա ստեղծված իրավիճակում կառավարությանը խորհուրդ է տվել առաջին հերթին պաշտպանել նրանց, ովքեր զսպում են համավարակի զարգացումը, այսինքն՝ բուժաշխատողներին: Մասնագետը նշել է, որ եթե չափից ավելի մեծ թվով բժիշկներ հիվանդանան, ապա չափազանց դժվար կլինի համավարակը զսպել. «Այդ ժամանակ խոսք կգնա աներեւակայելի թվով կորուստների մասին, քանի որ բժիշկները չեն բավականացնի»:
Կապլանի խոսքով՝ բժիշկները ստույգ չգիտեն, թե ինչու են տարբեր մարդիկ COVID-19-ի ծանրության տարբեր աստիճանով հիվանդանում: Ավելին՝ ներկայումս բժշկությանը հայտնի չէ COVID-19-ի դեմ երաշխավորված միջոցը, ուստի պացիենտներին հիմնականում բուժում են հիդրոքսիքլորխինով՝ ցիտրոմաքսի եւ մուլտիվիտամինների բարձր դեղաչափերի համակցությամբ:
Մասնագետը նաեւ խոստովանել է, որ Նյու Յորքում կորոնավիրուսի հետեւանքով կանխատեսվող մահվան 16 հազար դեպքը իրական թիվ չի համարում: Բանն այն է, որ մարդու օրգանիզմը հիվանդության ընթացքում մեծ սթրես է ապրելու, ինչը կարող է առաջացնել առողջական նոր խնդիրներ:
Բժիշկը քաղաքացիներին զգուշացրել է խուսափել կասկածելի միջոցների օգտագործումից՝ որպես կորոնավիրուսի կանխարգելում, օրինակ՝ ալկոհոլից: Նրա խոսքով՝ ոգելիցը լյարդի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում, որն այս ընթացքում ֆիլտրում է ինֆեկցիայի դեմ օրգանիզմի պայքարի կողմնակի արգասիքները: Ոգելիցով անհնար է նաեւ, օրինակ, ախտահանել թոքերը, ուստի բացարձակապես անիմաստ է կորոնավիրուսից պաշտպանության համար ոգելից խմելը: