Ատոմ Ջանջուղազյանը՝ 300 մլրդ դրամից 100 մլրդ-ը բնակիչներին բաժանելու մասին.դրանք ազատ միջոցներ չեն

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, որ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: «Այդ ի՞նչ գումարի մասինէ խոսքը»,-հարցրեց նա:
Նախարարը նախ նշեց, որ թեև վստահ չէ, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց ենթադրում է, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: «Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը՝ գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ՝ 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը չի կարող օգտագործել համայքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: «Դրա մաս է նաև կայունացման դեպոզիտ հաշվի մնացորդը, որը քննարկվել է անցյալ տարվա՝ քննադատության թիրախում գտնվող եվրոպարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնությունից ձևավորված միջոցների հաշվին: Եվ մնացորդը նպատակաուղղված է ֆինանսավորելու համար այս տարվա սեպտեմբերին սպասվող մարումը՝ 2013 թվականին թողարկված եվրոպարտատոմսերի վերջին կտորի: Այս ցանկը կարելի է շարունակել: Իսկ այն, ինչ մնում է կառավարության տրամադրության տակ, որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր իր արտացոլումն է գտնում հաջորդ տարվա բյուջեի ֆինանսավորման աղբյուրներում»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: «2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նածագծով հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն»,-ասաց նա: